Իգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին


Իգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին

  • 26-07-2017 19:39:16   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել   է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը  կարևորել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում  տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը` ընդգծելով,  որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:
 
«Մենք մշտապես բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները, որոնք կակտիվացնեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև օժանդակել գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը: Գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել, որոնք բաց են և հետաքրքրության դեպքում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև իսրայելական ընկերությունները»,- իր խոսքում մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
 
Ցախի Հանեգբին իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը` շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավումն ու  այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցության թերևս «ամենաբնական»  ոլորտն է:
 
          Երկու երկրների  պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև  ոռոգման, կաթի արտադրության և վերամշակման, ջերմոցաշինության  ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
 
Հյուրերը տեղեկացրել են, որ  Իսրայելի կառավարությունը նախատեսում է Հայաստանի հետ նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել կաթի վերամշակման  գործարան, ինչպես նաև երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար` իսրայելական գյուղատնտեսության փորձին  ծանոթանալու և նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով:
 
Ցախի Հանեգբիին հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին այցելել Իսրայել` մասնակցելու «Ուոթերթեք» և «Ագրիթեք» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներին:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր հերթին խնդրել է իր պաշտոնակցին փոխանցել  հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո»  ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:
 
 
 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն