«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևան քաղաքում կազմակերպած հանդիպում-քննարկումների ամփոփագիր


«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևան քաղաքում կազմակերպած հանդիպում-քննարկումների ամփոփագիր

  • 27-07-2017 11:26:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2017 թվականի հուլիսի 3-19 ընկած ժամանակահատվածում «Երկիր Ծիրանի» կուսակցության, Երևանի ավագանու  «Երկիր Ծիրանի» խմբակցության և ավագանու ցուցակի անդամների համատեղ  ջանքերով Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում կազմակերպվել էին հանդիպում-քննարկումներ բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են  հարցեր, որոնց ուսումնասիրությունը ներկայացնում է հետևյալ պատկերը.
 
Հանրային տրանսպորտ
 
Սույն ոլորտը գտնվում է անմխիթար վիճակում: Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների (ավտոբուսային, միկրոավտոբուսային) վերջին մրցույթները անց են կացվել 2012-2013 թվականներին:  2012-2013 թվականներին անցկացված մրցույթներից հետո նախկին մրցույթներին առընչվող փաստաթղթերը ոչնչացվել են: Երևան համայնքի բյուջեից քաղաքային հասարակական տրասպորտի ոլորտին դոտացիա չի տրամադրվում: Երևանում հանրային տրասպորտը բարելավելու և վճարման միասնական տոմսային համակարգ ներդնելու խորհրդատվական ծառայության համար արդեն ծախսվել է շուրջ մեկ միլիոն դոլարի գումար, որը ձեռք է բերվել որպես վարկային միջոց, սակայն առ այսօր այդ խորհրդատվության արդյունքների վերաբերյալ չկա վերլուծություն և տեղեկանք-հաշվետվություն:
Նախադպրոցական կրթության
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 մանկապարտեզ: 
Մանկապարտեզներից մի քանիսում  իրականացվել են հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ, սակայն մայրաքաղաքի մանկապարտեզներից շատերը  բարենպաստ և գրավիչ պայմաններ չեն ապահովում, շենքային պայմանները բոլորովին  համապատասխանեցված չեն  ներառված սաների ֆիզիկական պահանջներին: 
Հանդիպում-քննարկումների ժամանակ վարչական շրջանների համապատասխան պաշոտնյաները հարկ համարեցին շեշտել, որ Երևանի բյուջեի միջոցների հաշվին բացվում են նոր խմբեր, սակայն ականատեսն ենք, որ ոտնահարված է մինչև 5 տարեկան երեխաների՝ օրենքով սահմանված կարգով նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը ու սրան զուգահեռ՝ ուղիղ համեմատականով ավելանում է հերթագրված և այդպես էլ մանկապարտեզ չհաճախող երեխաների քանակը: Մեր կողմից կատարված հարցման համաձայն՝ հերթագրված են 30 000-ից ավել երեխաներ: Այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել, որ Երևանում նախադպրոցական կրթության իրավունքը մատչելի է  30 953 երեխայի համար, իսկ 30 000-ից ավելի երեխա  չի կարող օգտվել իր իրավունքից:
 
Առողջապահություն 
2017 թվականի հուլիսի 3-ից 19-ը Երեւան քաղաքի վարչական շրջաններ կատարած այցելությունների ժամանակ վեր հանված հարցերը հիմնականում կրում են սոցիալական բնույթ, որոնց մեջ ներառված էին նաև բժշկական ոլորտի հարցեր: Չկար որեւէ բողոք բուժհաստատություններում բուժանձնակազմի կողմից ցուցաբերված օգնության որակի, այցելուների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ բժշկական օգնության սպասարկման հարցում առաջնային խնդիրները գտնվում են  բուժսպասարկման ծառայություններից օգտվելու անհասանելիության մեջ։
Քաղաքացիները հիմանակնում բողոքել են, որ ունենալով հաշմանդամության կարգ, կատարել են վճարումներ բուժօգնության ընթացքում։ Մանրամասն հարցուփորձի արդյունքում պարզ է դարձել, որ նշված գումարները նրանք վճարել են տարբեր տեսակի բժշկական գործիքների (օրինակ արհեստական ոսպնյակ, արհեստական հոդ, ստենտ եւ այլն) ձեռքբերման նպատակով։
Բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են իրենց հաշմանդամության կարգից զրկելու փաստի վերաբերյալ։ Մինչդեռ, նախկինում այդ քաղաքացիների հաշմանդամության կարգը սահմանվել էր քրոնիկ, քայքայիչ, մշտական բուժում պահանջող հիվանդությունների հիման վրա (սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի կաթված, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա եւ այլն), որոնք բնականաբար առկա են նաեւ այսօր։ Այդ քաղաքացիները չեն կարող համարվել պրակտիկորեն առողջ եւ մերժվել հաշմանդամության կարգի սահմանման հարցում։ 
Սոցիալական պաշտպանվածություն 
Սոցիալական խնդրը  դարձել է գերխնդիր մեր հանրության համար: Այնքան ոչ բարվոք է մարդկանց սոցիալական վիճակը, որ համատարած նրանք չեն կարողանում վճարել կոմունալ վարձերը, դեղորայք ձեռք բերել և ունենալ բնակարան/կացարան: 
 
Վերելակային տնտեսություն
Երևան քաղաքի բազմաբնակարան բարձրահարկ շենքերում վերելակների թիվը 4551 է, որից Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված է ՝ 308 վերելակ, Ավանում՝ 330, Արաբկիրում՝ 450, Դավթաշենում՝ 394, Էրեբունիում՝ 209, Կենտրոնում՝ 807, Մալաթիա-Սեբաստիայում՝ 961, Նոր Նորքում՝ 589, Նորք-Մարաշում՝ 8, Նուբարաշենում՝ 6, Շենգավիթում՝ 272, Քանաքեռ-Զեյթունում՝ 217։ 
Վերելակային տնտեսությունները, գրեթե բոլորը, ժառանգություն են մնացել Խորհրդային տարիներից: Անխտիր բոլորն ունեն անհետաձգելի վերանորոգման և/կամ փոխարինման  անհրաժեշտություն: Վերելակային տնտեսության կապիտալ վերանորոգման, ամենօրյա դիսպետչերական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը հրատապ է և ողջ հանրապետությունը բավարարելու համար անհրաժեշտ է վերելակների արտադրության տնտեսության ներդրում: 
 
Վիճակագրություն
Քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում մենք վեր ենք հանել հանրային շահ ընդգրկող հետևյալ հարցերը՝ 
1.Մասնավորապես խոսքը վերաբերվում է Վերին Զեյթուն թաղամասի բնակիչներին, ովքեր  վերգետնյա կամուրջ կառուցելու նախաձեռնութամբ դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն իրենց պահանջը չի բավարարվել, որի հետևանքով մի շարք քաղաքացիներ դարձել են վթարների զոհ:
2.Հաջորդը վերաբերում է  Երևանի Սուրբ Աբգար փողոցի բնակիչներին, ովքեր հայտնեցին, որ իրենց փողոցը ներառվել է մասնավոր տարածքի հատակագծի մեջ:
3.Մյուս կարևորագույն խնդիրը այն է, որ բազմաթիվ երևանցիներ զրկվել են իրավունքից՝ վաճառելու իրենց անձնական իրերը վերնիսաժում:
4. Բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են հանրային տրանսպորտի գործունեությունից:
Վերոնշյալ՝ հանրային ընդհանուր շահ հետապնդող խնդիրների վերաբերյալ մեզ է դիմել շուրջ 1000 քաղաքացի:
Անհատական դիմումի միջոցով մեզ են դիմել՝ սոցիալական հարցեր-40 քաղաքացի, իրավապահ մարմիններ-2 քաղաքացի, հող օգտագործում-2 քաղաքացի, ճարտարապետություն և քաղաքաշինություն- 4 քաղաքացի: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play