Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի


Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի

  • 27-07-2017 11:32:27   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Իջևան քաղաքի կենտրոնում խոյացող երեքհարկանի շենքի ճաքած պատերից հորդում է խորհրդային շունչը. շուրջ 120 երեխայի առօրյայի մաս դարձած թիվ 8 մանկապարտեզն է։ Երբ հարցնում ենք, թե երբ է կառուցվել 
մանկապարտեզի շենքը, դայակներից 50-ամյա տիկին Նարինեն տխուր ժպտում է․ «Դե պատկերացրեք, ես էլ եմ էս նույն մանկապարտեզը եկել»։ 
 
Հարցին՝ ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից, տիկին Նարինեն կարողանում է հստակ հիշատակել միայն նախորդ տարի մանկապարտեզի գազաֆիկացումը։ Խորհրդային հսկայից քաղաքը, երեխաները և դայակները շուտով 
կազատվեն․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը քաղաքի կենտրոնում նոր և եվրոպական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ է կառուցում։ Մանկապարտեզը նախատեսված է լինելու 
150 երեխայի համար։ Մանկապարտեզի կառուցման ֆինանսավորումն իրականացվել է ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի հովանավորությամբ։
Հուլիսի 26-ին կառուցվելիք մնակապարտեզի տարածքում տեղի ունեցավ հիմնաքարի տեղադրման և հիմնարկեքի արարողություն։ Մանկապարտեզի հովանավորներ Հարթունյան ամուսինները հիմնարկեքին ներկա էին իրենց մանկահասակ զավակների՝ Նաիրիի, Դվինի և Մեղեդիի հետ։ Փոքրիկներն իրենց ծնողների հետ միասին տեղադրեցին մանկապարտեզի հիմնաքարն առ այն, որ իրենց իջևանցի տարեկիցները մեկ տարի անց արդեն հաճախելու են բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզ։
 
Մանկապարտեզի հիմնարկեքի արարողությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը և 
Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Սարգիս Քոթանջյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն