Առաջիկայում էլէներգիայի սակագնի աճ չի լինի.Փորձագետ
27-07-2017 12:07:15 | Հայաստան | Հարցազրույցներ
Կառավարությունը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի սակագների աճ թույլ չտա, սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, ռիսկային է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գրավադրմանը։ «Այժմ սակագնի փոփոխություն չի լինի, բայց վարկային բեռի տակ գտնվող էներգահամակարգը վաղ թե ուշ ցուցադրելու է իր գերզգայունությունը»,- նշեց փորձագետը։ Ըստ նրա՝ էլցանցերի կապիտալի 70 տոկոսի գրավ դնելը վկայում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ճգնաժամային լինելու մասին, և բացի այդ, ավելի է նվազեցնում Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանը։
- Պարոն Դավթյան, «Տաշիր Կապիտալ» ընկերությունը խնդրել է կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով գրավադրել իրեն պատկանող ՀԷՑ-ի կապիտալի 69,9 տոկոսը: Սա ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, ո՞ր դեպքում կարող է գրավադրումը արդարացված համարվել:
- Այդ նախաձեռնությունը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի էներգետիկ և, մասնավորապես, էլեկտրաէներգետիկ համակարգի ճգնաժամային լինելու մասին: Խոսքը և՛ տեխնիկական, և՛ ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին է: Երկուսն էլ ունեն իրենց պատճառները: Նախ` երկրների էներգետիկ համակարգի շուրջ 38 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի ու բարոյապես մաշված է: Էլցանցերի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրն էլ նախ և առաջ ուղղված է համակարգը ընթացիկ շահագործման համար բավարար վիճակում պահպանելուն: Ավելի մեծ ծավալով ներդրումներ իրականացնելու համար ցանցերի սեփականատերը պետք է դրանց վերադարձնելիության երաշխիքներ ունենա: Պարզ է, որ նման երաշխիքներ կարող է տրամադրել կամ շուկան` աճող ու դինամիկ զարգացող, կամ պետությունը: Առաջինի դեպքում, կարծես թե, հեռանկարներ չկան. սպառումը տարեցտարի նվազում է, արտահանման հնարավորություններն էլ սահմանափակվում: Եվ այդ վիճակը կարող է շտկվել ոչ թե Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործմանը հանձնելուն պես, ինչպես այսօր մեզ փորձում են համոզել, այլ միայն այն դեպքում, երբ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան կունենա ցածր ինքնարժեք: Սակայն վարկային բեռի տակ գտնվող էներգահամակարգը չի կարող ցածր ինքնարժեք ապահովել, հետևաբար, արտաքին շուկային մենք ևս կարող ենք չհետաքրքրել: Էլցանցերի վերջին նախաձեռնությունը, իր հերթին, էլ ավելի ծանրացնում է այդ բեռը: Ինչ վերաբերում է պետության կողմից երաշխիքների տրամադրմանը, ապա նման ռիսկեր կառավարությունն իր վրա վերցնել չի ուզում, և շուկայի ազատականացման առաջարկվող մոդելը հենց դրա մասին է վկայում: Մյուս կողմից, հասկանալի է, որ էլցանցերի կապիտալի 70 տոկոսի գրավ դնելը էլ ավելի է նվազեցնում Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանը, և չի բացառվում, որ վաղը կրկին «գույք պարտքի դիմաց» սկզբունքը կիրառվի: Անկեղծ ասած, տպավորություն է ստեղծվում, որ «Տաշիր Գրուպը» փոշմանել է իր` Հայաստանի էներգետիկ համակարգ գալու մասին: Ռիսկերը շատ են, պարտավորությունները՝ մեծ, իսկ դիվիդենտները՝ փոքր:
- Հնարավո՞ր է, որ նորից սակագնի փոփոխության խնդիր առաջանա և 2015թ. հունիսի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը կրկնվեն:
- Մոտ ապագայում` ոչ: Կառավարությունը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի սակագների աճ թույլ չտա: Սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, ռիսկոգեն է: Վարկային բեռի տակ գտնվող էներգահամակարգը վաղ թե ուշ ցուցադրելու է իր գերզգայունությունը: Միգրացիոն գործընթացներով ու արդյունաբերության անկմամբ պայմանավորված ներքին շուկայում էլեկտրաէներգիայի սպառման նվազումը մի կողմից և վարկային պարտավորությունները` մյուս կողմից կարող են բերել էներգետիկ ճգնաժամի, և դրա մասին արդեն այսօր է պետք մտածել: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ էներգահամակարգը այլևս ի վիճակի չի լինի կատարելու իր վարկային պարտավորությունները, և անհրաժեշտ կլինի սակագնային կարգավորման մեխանիզմներ կիրառել, ինչն ինքն իրենով սոցիալական անհանգստության նախադրյալ կարող է լինել: Բացի դրանից, անվճարունակ ու անարդյունավետ էներգետիկ օբյեկտները վերջնականապես կկորցնեն իրենց ներդրումային գրավչությունը: Սա, իհարկե, արմագեդոն չէ, բայց այս ամենի սոցիալական արձագանքը շատ կոշտ է լինելու: Արդեն այսօր պետք է փոխել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման քաղաքականությունը: Վստահ եմ, ոչ ի օգուտ ազատականացման:
– Կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում ներառված է «ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» նախագիծը: Սա իրենից ի՞նչ է ենթադրում, և դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի համակարգի վրա:
- Առանձնանում են շուկայական երկու հիմնական մոդելներ` ազատական և պրոտեկցիոնիստական: Առաջինի դեպքում ենթադրվում է, որ շուկայի գլխավոր սկզբունքը տնտեսական շահն է և ազատ մրցունակությունը: Պետությունը գրեթե չի խառնվում բիզնես-գործընթացներին, պարզապես ապահովում է դրանց համապատասխանելիությունը օրենքի տառին: Պրոտեկցիոնիզմի դեպքում պետությունը հանդիսանում է շուկայի գլխավոր դերակատարը` տալով այս կամ այն տնտեսվարողին արտոնություններ` բարձրացնելով վերջինիս մրցունակությունը: Սակայն սրանք ընդամենը տեսական մոդելներ են, և իրականում շուկաներում կիրառվում է հիբրիդային մոդելը` ելնելով ոլորտի առանձնահատկություններից: Երբ խոսվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մասին, պետք է հասկանալ, որ գործ ունենք գաղափարախոսական մի երևույթի հետ, որը գործնականում շատ դժվար կլինի կյանքի կոչել: Նախ` հայկական էներգետիկ շուկայում գերակշռում է ռուսական կապիտալը, և դժվար թե նոր ներդրողը ոտք կգցի վերջինիս հետ: Մյուս կողմից, ազատականացումը արդարացված է մեծ ու աճող շուկաներում, որտեղ առկա է էլեկտրաէներգիայի պահանջարկ և անհրաժեշտ է նոր հզորություններ ստեղծել: Տվյալ դեպքում պետությունը կարող է լիբերալ կեցվածք ընդունել և հավասար պայմաններ ստեղծել ներդրողների համար: Նաև տպավորություն է ստեղծվում, որ առաջարկվող մոդելը փորձելու են իրականացնել կոնկրետ ծրագրերի համատեքստում, մասնավորապես` արևային էներգետիկայի ոլորտում, որի զարգացումն այսօրվա կառավարության հռետորաբանության գլխավոր հենասյուներից է: Այսօր երկու արևային կայանների նախագծեր են իրականացվում` «Մսրիկ»` 50 ՄՎտ և «Դաշտադեմ»` 10 ՄՎտ: Արդյունքում գլխավոր տուժողը լինելու է, ասենք, փոքր ՀԷԿ-ի սեփականատերը: Սակայն ավելի լայն, ռազմավարական տեսանկյունից տուժելու է նաև Հայաստանի միջուկային էներգետիկան: Վերջինս, ինչպես վկայում է համաշխարհային փորձը, հիմնականում հանդիսանում է պետության մենաշնորհը, այդպես է և Հայաստանում: Մինչդեռ ազատականացման ծրագիրը նախ և առաջ իրականացվում է մասնավոր ներդրողների համար: Արդյունքում պետական սեկտորը ի դեմս ատոմակայանի կորցնում է իր նշանակությունը երկրի էներգետիկայի համար: Ի դեպ, ատոմակայանի նոր բլոկի կառուցման մասին խոսք չկա անգամ կառավարության ծրագրի մեջ, ինչն, իհարկե, ամբողջությամբ բխում է որդեգրված նոր էներգետիկ քաղաքականությունից:
-Ազատականացումը ՀՀ էլեկտրաէներգետիկ ոլորտում ինչպե՞ս կներդրվի:
- Ինչպես արդեն նշեցի, այն ներդրվելու է հիմնականում վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչն արդեն իսկ խոսում է ծրագրի ոչ ամբողջական լինելու մասին: Հետևաբար, ազատականացումը չի կարող բերել սակագների նվազեցմանը, քանի որ շուկայի տրամաբանությունը ի վերջո մնալու է նույնը, և դրա հիմնական դերակատարն է շարունակելու մնալ ռուսական կապիտալը: Այս առումով պետք է կանգ առնել ևս մեկ խնդրի վրա: Հատկանշական է, որ ազատականացման ծրագիրն անմիջականորեն փոխկապակցված է արտաքին առևտրի հետ, դրա մասին է վկայում նաև նախագծի վերնագիրը: Ինչպես հայտնի է, «Տաշիրը» վերջերս թրեյդինգային կազմակերպություն է գրանցել Վրաստանում` այնտեղից ավելի էժան էլեկտրաէներգիա գնելու նպատակով: Պարզ է, որ իր կապիտալի 70 տոկոսը գրավի տակ դնող էլցանցերը դրանով իսկ խնդիր են հետապնդում բարձրացնելու իրենց շահութաբերությունը, և դժվար թե Վրաստանի հետ առևտուրը կնպաստի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների վերանայմանը: Այս պարագայում խնդիրը դադարում է զուտ տնտեսական լինել, այն վերածվում է աշխարհաքաղաքականի: Ավանդաբար էլեկտրաէներգիա արտահանող ու հզորությունների ավելցուկ ունեցող Հայաստանը կարող է վերածվել էլեկտրաէներգիա ներկրողի: Գուցե որոշ բիզնես-սուբյեկտների համար սա ընդունելի զարգացում է, բայց դա չի կարող արդարացված լինել պետական քաղաքականության շրջանակներում: