Քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանի որդին դատի է տվել քաղբանտարկյալ Հարությունյանի որդուն


Քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանի որդին դատի է տվել քաղբանտարկյալ Հարությունյանի որդուն

  • 27-07-2017 13:32:32   | Հայաստան  |  Իրավունք

 
Հունիսի 20-ից Երևանի Վարչական դատարանում քննվում է Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցը:
 
Հայցվոր կողմը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:
 
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 16-ին «Հաց բերող»՝ Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած օրերին, ի հիշատակ նրա, Շահեն Հարությունյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանում:
 
Երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս հրաժարվի Շահեն Հարությունյանի նկատմամբ վարչական դատարան ներկայացրած դիմումից։ Դավիթ Խաժակյանը մինչ քաղաքապետին նման առաջարկով դիմելը՝ հարցը քննարկել է «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ, քանի որ խոսքը ոչ միայն վարչական վարույթի հետևանքների, այլ նաև այն մասին է, որ Շահենը ունի պայմանական ազատազրկում։ Եվ վարչական այս վարույթը կարող է վնասել նրան:
 
«Ինչպես հայտնի է, հավաքների առիթ է հանդիսացել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահը, որը հասարակության կողմից ընդունվել է մեծ ափսոսանքով՝ զուգորդվելով հավաք-երթերով, այդ թվում և Շահեն Հարությունյանի մասնակցությամբ: Հավաքները տեղի են ունեցել ինքնաբուխ, կրել են հրատապ բնույթ, և բացակայել է լիազոր մարմնին օրենքով սահմանված ժամկետներում իրազեկելու հնարավորությունը:
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի են ունեցել երիտասարդ և հանրությանը որպես ակտիվ քաղաքացի հայտնի Շահեն Հարությունյանի մասնակցությամբ, ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից՝ դիմում ենք Ձեզ՝ հրաժարվելու Վարչական դատարան ներկայացրած դիմումից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետի հիմքով վարչական վարույթը կարճելու նպատակով»,- Տարոն Մարգարյանին ուղղված դիմումում գրել է Խաժակյանը:
 
Երևանի քաղաքապետարանը կարծես թե հակված չէ հետ վերցնել բողոքը, թեև պաշտոնական պատասխան էլ չի տրվել Խաժակյանին: Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության վարչության պետ Արթուր Գևորգյանը ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ արձագանք է լինելու Խաժակյանի դիմումին: Չգիտի՝ քաղաքապետը հակվա՞ծ է բողոքը հետ վերցնել, թե՞ ոչ:
 
Շահեն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի զարմանա, եթե քաղաքապետը չցանկանա դիմումը հետ վերցնել, քանի որ կատարվողը, ըստ Սաքունցի, «վարվող ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ է՝ հնարավորինս ճնշել քաղաքացիական ակտիվության դրսևորումները ՀՀ-ում»:
 
Ինչ վերաբերում է հարցին, թե վարչական պատասխանատվության ենթարկվելը հնարավո՞ր է վնասի Շահեն Հարությունյանին, քանի որ նա մեկ այլ գործով արդեն ենթարկվել է պայմանական ազատազրկման, Սաքունցը պատասխանեց. «Ոչ: Վարչական պատասխանատվությունը չի կարող հանգեցնել նրան, որ Շահենը ազատազրկվի, նրա խափանման միջոցը փոխվի: Վարչական պատասխանատվությունը որևէ ձևով չի կարող ազդել նրա ազատության մեջ գտնվելու վրա»,- ասաց իրավապաշտպանը:
 
Նշենք, սակայն, որ Շահեն Հարությունյանի դեմ քաղաքապետարանը մի քանի բողոք է ներկայացրել: Նրան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քաղաքապետարանը 4 հայց է ներկայացրել դատարան, որը պատասխանող կողմի միջնորդությամբ միավորվել և քննվում է մեկ վարույթում: Դրանք բոլորն էլ վերաբերում են մարտի 16-19-ը կազմակերպված ակցիաներին:
 
«Եվ եթե գործերով առանձին որոշումներ կայացվեն, այսինքն՝ մի քանի վարչական տան, ապա հնարավոր է՝ մտնեն դատարան, և իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը: Վերջինիս համար զարմանալի չէ քաղաքապետարանի համառությունը, քանի որ Տարոն Մարգարյանին համարում է իշխանության կամակատար, նա այլ կերպ վարվել չէր էլ կարող:
 
«Պարզապես Տարոն Մարգարյանի պահվածքը խայտառակություն է, քանի որ նրա հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, նույնպես քաղբանտարկյալ է եղել, անդամագրվել է իմ պապիկի ստեղծած Ազգային միացյալ կուսակցությանը: Իմ պապիկն էլ է քաղբանտարկյալ եղել, հայրս էլ է քաղբանտարկյալ: Պատմության մեջ Տարոն Մարգարյանը խայտառակ է լինելու նրանով, որ քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանի որդին իր ցանկությամբ դատում է քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանի թոռանն ու Շանթ Հարությունյանի որդուն: Իսկ դա խայտառակություն է: Իսկ եթե դատարանը համարի, որ ես անմեղ եմ, ապա կստացվի, որ Տարոն Մարգարյանը դիմեց դատարան, բայց իրեն մերժեցին»,- նկատեց Շահեն Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play