Երևանում կայացած «Կովկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթի սուպեր գավաթակիրն արժանացել է 500 եվրո պարգևավճարի (տեսանյութ)


Երևանում կայացած «Կովկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթի սուպեր գավաթակիրն արժանացել է 500 եվրո պարգևավճարի (տեսանյութ)

  • 27-07-2017 20:21:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ձայնային հզոր տվյալներով և յուրահատուկ արտիստիզմով աչքի ընկած այս աղջնակը Ադեմի Ուտեշևան է, ով Ղազախստանից Հայաստան է հասել «Կովկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթին մասնակցելու համար:
12-ամյա Ադեմին նմանատիպ մրցույթների բազմակի հաղթող է: Նրա կարծիքով`աստղային կարիերա ունենալու ճանապարհին միջազգային մրցույթները լավ հնարավորություն են փորձ ձեռք բերելու և կատարելագործվելու տեսանկյունից: 
 
Նույն նպատակով Հայաստան են ժամանել աշխարհի 16 պետությունները ներկայացնող երգիչ-երգչուհիներ` ընդհանուր առմամբ 65-ից 72 մասնակից: 
Նրանք իրենց ուժերն են չափել էստրադային, ժողովրդական, ջազային և դասական ժանրերում: 
 
Վեց տարիքային խմբերում լավագույններին որոշելու համար Երևանը հյուրընկալել է նաև միջազգային ժյուրիի անդամներին 14 երկրներից:  
«Ես որպես ժյուրիի անդամ բազմաթիվ այսպիսի մրցույթների եմ մասնակցում, և ինձ համար ուրախալի է, որ երգի մրցույթներում բացակայում է քաղաքականությունը, փոխարենը` արվեստը միավորում է բոլոր երկրներին ու մասնակիցներին` անկախ տարիքից»,- «Նոյյան տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային ժյուրիի անդամ, Լատվիան ներկայացնող Աստա Բոգդանավիչենեն: 
 
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող մասնակիցներին շնորհվեց գրան պրի, իսկ մրցութային երկրորդ օրը վեց գրան պրիների արժանացած մասնակիցներից միայն մեկը` Չեխիայից Չեփթեա Գերխետան դարձավ Սուպեր գավաթակիր` ստանալով 500 եվրո պարգևավճար: 
 
Չնայած ֆինանսական դժվարություններին` «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահը լավատես է և շարունակելու է անցկացնել «Կովկասի առաջնություն»-ը` այդպիսով տաղանդավոր երիտասարդների համար ճանապարհ հարթելով դեպի երգարվեստ և մեծ շոու-բիզնես: 
 
Լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play