Հաստատվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը


Հաստատվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը

  • 27-07-2017 18:54:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարության որոշմամբ հաստատվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, որի համաձայն՝ հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ըստ հիմնավորման՝ հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թվաքանակը կապված է հայտարարատուների ցանկի էական ընդլայնման և նախատեսվող խիստ հսկողական մեխանիզմի հետ: Ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ավելանալու է շուրջ 3 անգամ: Միաժամանակ, առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթների իրականացումը վերապահել ՀՀ Նախագահի աշխատակազմին: 
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումներով պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև մի շարք այլ որոշումներում:
 
 
 
 
Այլ որոշումներ
 
 
Կառավարության որոշմամբ թույլատրվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանին ՀՀ  ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Չեխիայի Հանրապետության դեսպանատան տրամադրած դրամաշնորհային միջոցների տնօրինման համար: ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակում մարզում կիրականացվեն «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ և բնակչության շրջանում քարոզչության նպատակով կպատրաստվեն նյութեր: 
Քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների և ներդիրների տրամադրման գործընթացի բնականոն և բարձր որակով կազմակերպելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում:  Համակարգի գլխավոր հիմնախնդիրներից է մասնագետների մասնագիտական փորձի պակասը, իսկ որոշ դեպքերում նաև՝ դրանց բացակայությունը: Ըստ գործող կարգերի՝ լիցենզիա ստանալու համար բավարար է միայն բարձրագույն կրթություն ունենալը, մինչդեռ լիցենզավորման գործընթացի բարեփոխումների հիմքում ընկած է ոլորտի մասնագետների բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի պարտադիր լինելու գաղափարը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն