Հայաստանում պետական համակարգում գտնվող կառույցն առաջնորդվել է ամենաթողությամբ (ֆոտոշարք)


Հայաստանում պետական համակարգում գտնվող կառույցն առաջնորդվել է ամենաթողությամբ (ֆոտոշարք)

  • 27-07-2017 19:38:51   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կարգադրությամբ կամ պատվերով ապօրինությունների մի երկար շարք է եղել ազգօգուտ գործ կատարող սփյուռքահայ ֆերմերի սեփականության նկատմամբ, նրա իրավունքների և օրինական շահերի ոտնահարումը շարունակվել է նաև երեկ:
Չափազանց հետաքրքիր է` եթե վերը նշված ապօրինությունների հեղինակները, ի վերջո, խույս տան պատասխանատվությունից, քանի՞ սփյուռքահայ կցանկանա գալ Հայաստան, իր մեծ կամ փոքր ներդրումը կատարել մեր երկրի տնտեսության մեջ: Հարցը մասնավորապես ուղղված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և նախագահ Սերժ Սարգսյանին:
Հուլիսի 25-ին մեր «Հայաստանի նախագահին ու վարչապետին հայտնի՞ է, թե իրենց ղեկավարած երկրում ինչ է կատարվում» վերտառությամբ  հրապարակմամբ անդրադարձել էինք 1985 թվականին Լիբանանից Հայաստան եկած և այդուհետ այստեղ մշտապես հաստատված, Արցախյան շարժման եռանդուն մասնակից ու վավերագիր (բազմաթիվ լուսանկարներ ու տեսագրություններ կատարած), սփյուռքահայ գործիչ, գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր, հիմնականում Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում ֆերմերությամբ (անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվապահությամբ) զբաղվող, ոչնչացման եզրին գտնվող ոչխարի և այծի հայկական տեսակները վերականգնող, գյուղական զբոսաշրջության ոլորտում համեստ, բայց հեռանկարային և ուշագրավ քայլեր կատարող Հովհաննես Ստեփանյանի սեփականության նկատմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կատարած ոտնձգություններին, խայտառակ անօրինականությանը:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն փաստորեն անպատիժ ոտնահարել ու շարունակում է ոտնահարել ազգօգուտ գործ կատարող ֆերմերի իրավունքները և օրինական շահերը:
Հուլիսի 25-ին «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում վերոնշյալ խնդրի առնչությամբ Հովհաննես Ստեփանյանի և նրա գործընկեր Տիգրան Եղոյանի մամուլի ասուլիսից, մեր հիշյալ հոդվածից, ինչպես նաև մեր գործընկերների բազմաթիվ հրապարակումներից անմիջապես հետո «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն թույլ է տվել Հովհաննես Ստեփանյանի սեփականության նկատմամբ հերթական ոտնձգությունը, նրա սեփականության սահմանադրական իրավունքի կոպիտ խախտումը, որի համար պետք է պատասխան տա:
Հովհաննես Ստեփանյանը մեզ ահազանգեց  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կարգադրությամբ կամ պատվերով երեկ կատարված հերթական ապօրինության մասին ու պատմեց հետևյալը.
«Հուլիսի 26-ին ընկերոջս հետ այցելել էի Վայոց Ձոր` իմ անասնաշենքի, ունեցվածքի վիճակը տեսնելու համար: Տեղում անակնկալ կերպով տեսանք, որ հենասյան տեղադրման, շինարարական աշխատանքներ կատարող հնդկական կապալառու կազմակերպության աշխատակիցները ջարդելով, քանդելով իմ տեղադրած արգելապատնեշը, բացարձակապես անօրինական կերպով ներխուժել են սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածք: Տրակտորը մտել էր իմ սեփական հողատարածք, քանդել այն ճանապարհահատվածը, որտեղ փորձում եմ ծառատեսակներ աճեցնել, տեխնիկան արդեն բարձրացել էր և իրենց ապրանքը դատարկել: Որպեսզի հետագա անախորժություններ չլինեին, ստիպված էինք զանգահարել ոստիկանության բաժին, ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես եկավ այնտեղ, իրենք փորձում էին դիմադրություն ցույց տալ, ոստիկանությունն իրենց կարգի հրավիրեց ու դուրս հրավիրեց իմ տարածքից:
Պարզվեց, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն արհամարհելով դատարանի, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումները, պաշտոնական գրություն է տվել հնդկական կապալառու կազմակերպությանը, որպեսզի վերջինս վերսկսի աշխատանքները: Իրենք տեղում զանգահարեցին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերություն, այնտեղից, եթե չեմ սխալվում, Պետրոսյան ազգանունով ղեկավարներից մեկն ասել էր, որ անկախ նրանից, թե ինչ է որոշել դատարանը, ինչ է որոշել ԴԱՀԿ-ը, միևնույն է, իրենք այդ հենասյունը կառուցելու են: Բացի դրանից, երբ հնդկական կապալառու կազմակերպության ղեկավարին ասացինք, ահա, խնդրեմ, աշխատանքների արգելքի վերաբերյալ ԴԱՀԿ-ի 2017 թվականի հուլիսի 4-ի որոշումը կա, որով ԴԱՀԿ-ն արգելում է ինձ պատկանող շինության մոտ և հողատարածքներում աշխատանքներ կատարել, ինքն ասաց, որ իր համար հիմքը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության որոշումն է:
Վաղը ես նորից գնալու եմ իմ տարածք, նորից ճանապարհը փակելու եմ: Հուլիսի 26-ին արդեն հանդիպել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին, զրուցել, պարզվում է, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունից ասել են, թե իրենք ինձ պատճառած վնասի համար հատուցել են, թե ում են հատուցել, այդպես էլ որևէ պաշտոնական գրություն չեն տալիս: Պնդում եմ, որ ճանապարհի շինարարությամբ իմ տնտեսությանը պատճառած վնասի համար չեն հատուցել: Այս կապակցությամբ նորից պատրաստվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նամակ ուղարկել, կատարվածի մասին գրավոր տեղյակ պահել ԴԱՀԿ-ին, բացի այդ, փաստաբանիս հետ խորհրդակցելուց հետո, գուցե հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ համապատասխան իրավապահ մարմնին»:
Եթե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կատարվածի նկատմամբ ցուցաբերեն անտարբեր և, ըստ էության, օրինախախտներին իրենց անպատժելիության հարցում համոզմունք ներշնչող, անուղղակիորեն խրախուսող վերաբերմունք, ապա, կարծում եմ, հիմք կունենաք եզրակացնելու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի նկատմամբ նրանց հովանավորչական վերաբերմունքի մասին:
Փորձելով պարզել, թե ով է Արթուր Բաղդասարյանը, տեղեկացանք, որ նա 2001 – 2002թթ. աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ում որպես ճարտարագետ, 08.04. 2002. –01.10. 2002թթ. աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ Նոր Նորք-Ավանի ԱՇԾ-ում որպես ճարտարագետ, 2002- 2005թթ. աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում որպես առաջատար  ճարտարագետ, գլխավոր մասնագետ, 2005-2016թթ. աշխատել է  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ում որպես  նախագծա-նախահաշվային  փաստաթղթերի ծառայության պետ, Շենգավիթ ԱՇԾ-ի պետ, Զեյթուն-Ավան ԱՇ ծառայության պետ, Նոր Նորք-Մարաշ ԱՇԾ-ի պետ, իսկ հետո հանկարծ ու միանգամից հայտնվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի բարձր ու պատասխանատու պաշտոնին: Դատելով ամենից, նա վարչապետ Կարեն Կարապետյանի վստահելի մարդն է, ցավոք, սակայն, այդ վստահությունը չարաշահած, եթե, իհարկե, չհիմնավորի, որ անտեղյակ է եղել ԴԱՀԿ-ի հիշյալ` 04.07.2017թ. արգելող որոշմանը, որը ԴԱՀԿ-ն ուղարկել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավարին: 
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, ըստ էության, մարտահրավեր է նետել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին, ԴԱՀԿ-ին, հանրային կարծքին, սփյուռքահայ ֆերմերին և իր թույլ տված ապօրինությունները քննադատած ԶԼՄ-ներին: Համենայն դեպս, վերջիններիս կողմից մարտահրավերն ընդունված է…
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք