Նորք Մարաշի զինված խմբի անդամները լուսանկարել են Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սեյրան Օհանյանի տները


Նորք Մարաշի զինված խմբի անդամները լուսանկարել են Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սեյրան Օհանյանի տները

  • 28-07-2017 16:09:34   | Հայաստան  |  Իրավունք

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազը ներկայացրել է ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի, խմբի անդամներ Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը, լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները:
 
«Այդ օբյեկտների թվում են եղել ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ և Կիևյան կամուրջները: Գևորգ Ջնդոյանը սևագիր գծագրել է ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, դրա մատույցները և հարակից տարածքները»,- նշված է եզրակացությունում:
 
Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
 
Նոյյան տապան  -   Իրավունք