Գյումրիից սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում տարեկան 30-40 հազար մարդ. ազգագրագետ


Գյումրիից սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում տարեկան 30-40 հազար մարդ. ազգագրագետ

  • 01-08-2017 14:35:54   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն ասաց, որ Գյումրիից սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողների թիվը տարեկան հասնում է 30-40 հազարի։
 
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրինակ՝ ամառվա սեզոնին գյումրեցիների մեծ մասը գնում են Կրասնոդարի երկրամաս կամ Մոսկվա՝ աշխատելու որևէ սպասարկման ոլորտում։ 3-5 ամիս աշխատում են ու նորից վերադառնում Գյումրի, իհարկե, մի մասը հետ չի գալիս։ Ըստ մեր ուսումնասիրությունների, մոտ 90 տոկոսը վերադառնում են, 10 տոկոսը մնում են։ Իհարկե, կան նաև ընտանիքով հեռացողներ, որոնք բացարձակ աշխատանք չունեն, հույսը կորցրել են աշխատանք գտնելու, իրենց ցածր վարձատրություն է առաջարկվել ու առաջ է եկել գոյատևման խնդիր։ Օպտիմիզացիան դպրոցներում, բյուջետային հիմնարկներում նոր արտագաղթ է ծնելու, դա վտանգավոր հետևանք է ունենալու»,-ասում է ազգագրագետը։
 
Արտաշես Բոյաջյանի փաստմամբ, այսօրվա դրությամբ զանգվածային հոսքը Գյումրիից հիմնականում արտագնա սեզոնային աշխատանքով է պայմանավորված։ «Բարեկամը կամ հարազատը դուրս է գնում, տեսնելով, որ աշխատատեղ կա, զանգահարում է հարազատին, տեղեկատվություն է տալիս, նա էլ ելնում-գնում է, այս համակարգն է աշխատում»,-ասում է ազգագրագետը։ Նշենք, որ գյումրեցիները գրեթե ամեն օր Ռուսաստանի Դաշնություն են մեկնում քաղաքի ամենակենտրոնական հատվածներից՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դիմացից, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց գտնվող Չուլոշնի կոչվող շենքի մոտից, Շառլ Ազնավուրի անվան հրապարակից։ Ամեն օր օրվա երկրորդ կեսին ականատես ենք լինում հրաժեշտի հուզիչ, տխուր, մտահոգող պատկերի։ Շաբաթ-կիրակի օրերին էլ Թուրքիա մեկնող ավտոբուսներն են շարժվում Շառլ Ազնավուրի հրապարակից։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play