Կատարվածը վենդետա՞ է. Կրակողը Արմավիրի մարզից է. (Կադրեր միջադեպի վայրից)
01-08-2017 15:46:09 | Արմավիրի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Շամիրամ համայնքում հնչած կրակոցներից վիրավորված երկու երիտասարդները Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ազգականներն են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Թամոյանը: Նա նշեց, որ այս պահին շտապում է հիվանդանոց՝ տեսակցելու իր հարազատներին: «Ասում են՝ վիճակը լավ չէ: Չգիտեմ: Գնում եմ տեսնեմ»,- ասաց Թամոյանը:
Մեր դիտարկմանը՝ արդեն պարզե՞լ են, թե ինչն է եղել կրակոցների պատճառը, Թամոյանը նկատեց, որ երկու վարկած է շրջանառվում. մի մասն ասում է, որ անցյալ տարի իրենց մոտ սպանություն է եղել, և հիմա վենդետա է իրականացվել, իսկ մի մասն էլ ասում է՝ փողային հարցեր են եղել չպարզաբանված: «Սպանվածներին չեմ ճանաչում, ոչ էլ կրակողին: Վիրավորներից երկուսն իմ քեռու թոռներն են։ Ուղղակի գնացել են, պատարագի նստած են եղել, կրակել են իրենց վրա։ Իմ մամայի քեռու տղաների հետ թշնամություն չի եղել»,- մեզ հետ զրույցում նշեց Թամոյանը:
Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խուսափեց մանրամասներ նշել կատարվածից: Նրա խոսքով՝ իրավապահները աշխատում են, և միայն իրենք կարող են ասել, թե իրականում ինչ է եղել: «Ես համայնքում էլ չեմ եղել՝ նախարարությունում էի, նոր զանգեցին կանչեցին: Գերեզմանատանն ամեն տարի հոգեհանգստի հաց են տալիս: Մարդիկ նստած են եղել, մեկը մտել է, կրակել է։ Կրակողը իմ համայնքից չի, Արմավիրի մարզից է, բայց 4 սպանվածները իմ համայնքի բնակիչներ էին»,- ասաց Բրոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում մի անձը մուտք է գործել գերեզմանատանը կից գտնվող սգո սրահ և կրակել մարդկանց վրա: Ըստ նախնական տվյալների՝ կա 4 զոհ և 7 վիրավոր։