Կալանավորվել է կրթության տեսչավորման բաժնի պետը


Կալանավորվել է կրթության տեսչավորման բաժնի պետը

  • 01-08-2017 18:27:47   | Հայաստան  |  Իրավունք

 
Հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյան հայտնաբերվել է։
 
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սամսոն Սահակյանը ներկայացել է վարույթն ներկայացնող մարմին և նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. ապրիլի 11-ին ներկայացրել է պաշտոնեական փաստաթուղթ՝ ատեստատ միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ:
Ատեստատի իրական լինելու հանգամանքը ստուգելու նպատակով դեսպանության կողմից հարցում է ուղարկվել ՀՀ իրավասու մարմիններին, որի արդյունքում պարզվել է, որ նշված դպրոցի շրջանավարտների ատեստատների բաշխման մատյանում նման անուն-ազգանունով շրջանավարտ գրանցված չէ, այսինքն՝ ատեստատը կեղծ է։
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կեղծ ատեստատի ձեռք բերման աղբյուրը, եղանակը. ըստ քաղաքացիների ցուցմունքների՝ կեղծ ատեստատը ձեռք են բերել Ս.Սահակյանից՝ վճարելով 1500 ԱՄՆ դոլար։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք