Նորք-Մարաշում 8 ամսական երկվորյակների մահվան պատճառ դարձած վարորդը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման


Նորք-Մարաշում 8 ամսական երկվորյակների մահվան պատճառ դարձած վարորդը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

  • 02-08-2017 13:14:44   | Հայաստան  |  Իրավունք

2015 թվականի փետրվարին Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ երեխաների մահվանը հանգեցրած վրաերթի գործով ամբաստանյալը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանի շահերի պաշտպան Լուսնթագ Բադալյանը։
 
«Ռազմիկ Ավետիսյանը դատապարտվեց ազատազրկման 7 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով: Իմ պաշտպանյալի նկատմամբ այնուամենայնիվ հակասական մեղադրանք է առաջադրվել, դատավճիռն էլ հակասական էր: Մարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տառապելով «Էպիլեպսիա» հիվանդությամբ վարել է մեքենա։ Սակայն իմ պաշտպանյալն ասում է, որ էպիլեպսիայի համար հետազոտվել է: Կարող է հետազոտվել, սակայն բուժում չստանալ: Բացի այդ, դատահոգեբանական և մի շարք այլ փորձաքննություն չի անցել»:
 
Ինչ վերաբերում է պատժին, ապա փաստաբանն ասաց, որ նրան դատապարտում են, որ էպիլեպսիա հիվանդության առկայության դեպքում մեքենա է վարել, սակայն միաժամանակ վճռում են, որ պատիժը կրելուց հետո երեք տարի անց կրկին կարող է մեքենա վարել. «Այստեղ օրենքի բաց կա ու անտրամաբանական է»:
 
Հիշեցնենք, որ Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տառապելով Էպիլեպսիա հիվանդությամբ և դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ ունենալով գիտակցության կորուստ, գիտակցելով հիվանդության հետևանքով ցանկացած պահի էպինոպայի և գիտակցության կարուստ ունենալու հնարավորությունը, իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամբ: Այդ ընթացքում թույլ է տվել Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտում` չընտրելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ապահովող ռեժիմ, վրաերթի է ենթարկել Անահիտ Կարապետյանին և վերջինիս որդիներին, ապա ընդհարվել է ցանկապատին, որի հետևանքով որդիներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ Աննա Կարապետյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
 
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախկինում դատված չի եղել:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play