Կաթիլային ոռոգման ծրագրով հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր (տեսանյութ)


Կաթիլային ոռոգման ծրագրով հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր (տեսանյութ)

  • 02-08-2017 13:53:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար  այլ անձինք:
 
Նախարարը մասնավորապես այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
 
Գյուղացիների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանը խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման` տեղեկացնելով, որ այդ նպատակով նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել: Այս համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, շուրջ  40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել շուրջ 40%  բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները:   
 
Ծրագրի շրջանակում հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր:
 
«Կան հարցեր, որոնք կարելի է շատ արագ լուծել, կան հարցեր, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում: Այս ամենի հետ մեկտեղ մենք դեպի առաջ ենք նայում, որպեսզի երկարաժամկետ առումով համակարգված ծրագրեր ներկայացնենք: Ջրային տնտեսության կոմիտեն, իհարկե, ունի ծրագրեր ոռոգման հարցերը բարելավելու նպատակով, սակայն ջուրը տարեցտարի պակասում է, և առանց կաթիլային համակարգի և նոր տեխնոլոգիաների մենք չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի  վարկերի ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Իգնատի Առաքելյանը:
 
Առավել մանրամասն` տեսանյութում
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն