Իրավիճակը պարտադրում է կտրուկ քայլեր ձեռնարկել.ԱՆ

02-08-2017 18:19:39   | Հայաստան  |  Հասարակություն
«Կարծում եմ ծխախոտային կախվածությունից ձերբազատումը քաղցկեղի բուժման պլանում ընդգրկելու խիստ անհրաժեշտություն կա»,- հանդես գալով «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» միջազգային գիտաժողովում` ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման  կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը:  
 

Անդրադառնալով թոքի քաղցկեղով հիվանդների շրջանում ծխելը դադարեցնելու առավելություններին` նա մասնավորապես նշել է. «Ապացուցված է, որ նույնիսկ հիվանդության ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է բուժման արդյունավետության և ելքերի բարելավմանը: Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակակից բուժման մեթոդների ներդրման արդյունքում նաև բարելավվել է հիվանդների ապրելիությունը: Հետևաբար, առավել մեծ է թոքի քաղցկեղ վերապրածների թիվը, և նրանք օգուտ են քաղում ծխելը դադարեցնելու առավելություններից»: 
Բանախոսն ափսոսանքով ընդգծել է, որ բուժաշխատողները և թոքի քաղցկեղով հիվանդները հաճախ անտեղյակ են և թերահավատորեն են մոտենում այս առավելություններին: 
Ողջ աշխարհում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված չարորակ նորագոյացություններից մեկը: Բավական է ասել, որ այս տեղակայումով քաղցկեղի հետևանքով տարեկան ավելի շատ մարդ է մահանում, քան կրծքագեղձի, աղիների և շագանակագեղձի քաղցկեղներից միասին վերցված: 
Արուսյակ Հարությունյանը նաև նշել է, որ, ըստ հաշվարկների,  քաղցկեղի հետևանքով յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը թոքի քաղցկեղն է: 
«Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի ամենամեծ գործոնն է`  հիվանդության  առաջացման շուրջ 90%-ի պատճառը: Ծխողների շրջանում թոքի քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշները 15-30 անգամ գերազանցում են չծխողների ցուցանիշներին: Ցանկացած տարիքում ծխելը դադարեցնելը նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Նույնիսկ թոքի քաղցկեղի ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է մի շարք առողջական օգուտների, ինչպիսիք են՝ հետվիրահատական բարդությունների նվազումը, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի  արդյունավետության և կյանքի որակի բարելավումը»,-ասել է գիտաշխատողը:  
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2012 թվականին տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը եղել է Հունգարիայում (76.6`  100,000 բնակչի հաշվով) (http://www.wcrf.org/int/cancer-facts-figures/data-specific-cancers/lung-cancer-statistics#MEN ), որին հաջորդել է Հայաստանը (72.9` 100,000 բնակչի հաշվով): Ակնհայտ է, որ նման իրավիճակի պատճառներից մեկը ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությունն է: 
 
ԱՀԿ-ի կողմից իրականացված STEPS (2016-2017) հետազոտության համաձայն՝ Հայաստանում 18-ից 69 տարեկան մեծահասակների շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է 27.8%: Ընդ որում, ամենօրյա ծխող են տղամարդկանց մոտավորապես կեսը` 51.5%-ը, իսկ կանանց 1.8%-ը (World Health Organization. ARMENIA STEPS Survey 2016-2017: Fact Sheet.; 2016): 
Ահազանգող այս ցուցանիշները պարտադրում են ծխախոտային կախվածության հիմնախնդրի լուծման կտրուկ քայլեր ձեռնարկել: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից