Պայքարում ենք կյանքի համար, ոտքն անդամահատվել է. բժիշկը՝ Դավթաշենի պայթյունից տուժած երիտասարդի մասին (տեսանյութ)


Պայքարում ենք կյանքի համար, ոտքն անդամահատվել է. բժիշկը՝ Դավթաշենի պայթյունից տուժած երիտասարդի մասին (տեսանյութ)

  • 03-08-2017 15:38:48   | Հայաստան  |  Հասարակություն



Դավթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 20-ամյա Աշոտ Եփրեմյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա բժշկական կենտրոն»-ի Անոթային վիրաբուժության կենտրոնի վարիչ Վիրաբ Աղաբեկյանը:  Նա տեղեկացրեց, որ Աշոտին հիվանդանոց են տեղափոխել երեկ երեկոյան՝ 20:00-ի մոտակայքում:
 
«Պայթյունի հետևանքով ստացել է վերջույթների տրավմատիկ վնասվածք, աջ ստորին վերջույթի փափուկ հյուսվածքները ջնջխված են, ոսկորների բազամաբեկորային կոտրվածքներ ունի, ձախ վերջույթի փափուկ հյուսվածքների վնասվածքներով և տրավմատիկ շոկով է: Հակաշոկային միջոցառումներից հետո անմիջապես կատարվել է վիրահատություն, վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, աջ ստորին վերջույթում վնասված զարկերակի վերականգնում»,- ասաց  Աղաբեկյանը:
 
Բժիշկը նշեց, որ Աշոտ Եփրեմյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, այսօր հիվանդին կրկին վիրահատել են:
 
«Մեր հույսը Աշոտ Եփրեմյանի երիտասարդ  լինելն է, ինչպես նաև կենսական մյուս օրգանները վնասված չեն,և օրգանիզմը հնարավոր է կյանքի համար պայքարի: Այս աջ ստորին վերջույթի ջնջխված տրավմայի պատճառով ունենք վերջույթի իշեմիկ վիճակ, չի բացառվում երկարատև ճնշման սինդրոմ: Կրկնակի վիրահատել ենք, կատարվել է վերջույթի ամպուտացիա: Ամպուտացիան կատարվել է միայն ու միայն կյանքը փրկելու նպատակով, սա միակ շանսն էր, ալտերնատիվ տարբերակ չկար: Վերջույթի պահպանման պարագայում հնարավոր է լիներ սուր երիկամային անբավարարություն, ինչը կարող էր հանգեցնել մահվան, իսկ այս պահին դրված է հիվանդի կյանքը փրկելու հարցը »,- ընդգծեց բժիշկը:
 
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ռ. Մ.-ին պատկանող թիվ Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:
 
Նախնական տեղեկություններով՝ տուժածները փորձել են արկի գլխիկը սղոցել «բալգարկայի» միջոցով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն