ՀՔԱՎ: ՄԻԵԴ-ն ստացել է Սարի թաղի ցուցարարների գանգատները


ՀՔԱՎ: ՄԻԵԴ-ն ստացել է Սարի թաղի ցուցարարների գանգատները

  • 03-08-2017 18:35:53   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. հունիսի 16-ի և հուլիսի 12-ի գրություններով հայտնել է, որ Սարի թաղի ցուցարարներ Գագիկ Միքայելյանի ու Հովհաննես Ղազարյանի գանգատները ստացվել են ՄԻԵԴ-ում:
 
Գանգատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նրանց պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
 
Գ. Միքայելյանն ու Հովհ. Ղազարյանը ձերբակալվել են 2016 թ. հուլիսին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեղադրանքով, ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է նրանց իրավունքների պաշտպանությունը:
 
Շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալով՝ Գ. Միքայելյանը նախ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, ապա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2017 թ. մայիսի 5-ի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը նրան թույլ է տվել պատիժը կրել ազատության մեջ:
 
Հովհ. Ղազարյանի գործով դատարանը դեռևս վճիռ չի կայացրել, նա ևս ամիսներ շարունակ գտնվել է կալանքի տակ, և միայն ՀՀ Վերաքննիչ դատարանի 2017 թ. փետրվարի 13-ի որոշմամբ ազատվել է կալանքից:
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ Գ. Միքայելյանին ու Հովհ. Ղազարյանին կալանքի տակ պահելու ՀՀ դատարանների որոշումները պատշաճ կերպով հիմնավորված չեն եղել: Մասնավորապես,  խափանման միջոցը փոփոխելու և գրավ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանները մերժել են՝ գտնելով, որ նրանք կարող են խուսափել քննությունից, և դրա համար չներկայացնելով որևէ հիմնավորում:
 
Մինչդեռ ավելի ուշ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու ձևով փոխելու մասին  որոշումներով Վերաքննիչ քրեական դատարանը առաջնորդվել է հենց այն հանգամանքներով, որոնց մասին բազմիցս նշվել է պաշտպանական կողմի միջնորդություններում:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք