«Կգամ Կողբի մեջ քեզ կխփեմ, կսատկացնեմ». Բագրատաշենի մաքսակետի զննման բաժնի պետը՝ քաղաքացուն


«Կգամ Կողբի մեջ քեզ կխփեմ, կսատկացնեմ». Բագրատաշենի մաքսակետի զննման բաժնի պետը՝ քաղաքացուն

  • 04-08-2017 13:28:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am-ին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վահե Ավետիսյանը:
 
Նա պատմեց, որ հուլիսի 30-ին ինքը Վրաստանից հյուրեր է ունեցել: Հուլիսի 31-ի վաղ առավոտյան նրանց ճանապարհել է մինչեւ Սադախլո, իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վերադառնալիս ընտանիքի համար գնել է 10 հատ ձմերուկ: Հուլիսի 31-ին, ժամը 8-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետում նրան հայտնել են, որ ձմերուկները պետք է մաքսազերծի: Վահեն զայրացել է, որ սահմանին ապրող նոյեմբերյանցիները մի քանի ձմերուկը պետք է մաքսազերծեն: Հետո նա ավտոմեքենան քշել է դեպի ապրանքների զննման վայր, ուր 2 կին եւս սպասում էին, որպեսզի իրենց ապրանքները զննեն: Կանայք Վահեին ասել են, որ զննման գործը կապված է մաքսակետի աշխատող Արթուրի հետ: Տեսնելով, որ զննման համար ոչ ոք իրենց չի մոտենում, Վահեն ավտոմեքենան քշել է մաքսակետի անցման վայր, որտեղ բանանի արկղի մեջ տեղավորել է ձմերուկները, որպեսզի դրանք չմաքսազերծի, թողնի այդտեղ, հեռանա: Այդ պահին մաքսակետի աշխատող Արթուրը մոտեցել է:
 
Վահեն պատմում է. «Ագրեսիվ տեսքով էր, զայրացած, ինձ սեռական հայհոյանքներ տվեց, ձեռքով հրեց կուրծքս»: Վահեն բառերով հակադարձել է Արթուրին, որից հետո վերջինս նոյեմբերյանցուն կոպիտ ձեւով մաքսակետի տարածքից դուրս է հրավիրել՝ «հաշիվներ մաքրելու»: Արթուրն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով դուրս է եկել մաքսակետի տարածքից: Մաքսակետի մուտքի մոտ, ֆիզիկապես ուժեղ, հաղթանդամ Արթուրը միանգամից հարվածել է Վահեին, դրանից հետո՝ էլի բազմաթիվ հարվածներ հասցրել: Վահեն պատմում է, որ ձեռքերով պաշտպանել է իր գլուխը, իր հնարավորության սահմաններում դիմադրել»: Նա վկայում է . «Արթուրը կարծում էր, թե ես Կողբի բնակիչ եմ: Ասաց՝ կգամ Կողբի մեջ քեզ կխփեմ, կսատկացնեմ, հայհոյանքներ էր տալիս: Ես նրան ասի՝ քշի Նոյեմբերյան»: Հետո եկել են Բագրատաշենի մաքսակետի աշխատողները եւ Արթուրին տարել մաքսակետ: Վահեն հեռացել է Բագրատաշենի մաքսակետից, գնացել տուն՝ Նոյեմբերյան, լվացվել, շորերը փոխել: Հետո վերադարձել է մաքսակետ, որտեղ ճշտել է, որ իրեն հայհոյանքներ տված, հարվածներ հասցրած անձը մաքսակետի զննման բաժնի պետ Արթուր Գասպարյանն է: Մաքսակետի աշխատողները Վահեին ներկայացրել են Արթուրին, ասելով. «Ինչո՞ւ ես գլուխդ ցավի մեջ դնում: Արթուրը 7 տարի մաքսանենգության դեմ բաժնում է աշխատել, այնտեղից դուրս են արել, հետո նորից աշխատանքի է ընդունվել, ինքը Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան է, գործ չունես»: Մաքսակետի մուտքի մոտ Արթուր Գասպարյանի կողմից հարվածներ ստանալու ժամանակ Վահեի վզի ոսկե թանկ շղթան պոկվել-կորել է: Իմանալով Արթուր Գասպարյանի հեռախոսահամարը, Վահեն զանգահարել է, նրան հայտնել այդ մասին: Հետո շղթան Վահեի ավտոմեքենայի մեջ գտնվել է, նա այդ մասին հեռախոսազանգով տեղյակ է պահել Արթուրին: Այդ հեռախոսազանգի ժամանակ, որի ձայնագրությունը առկա է Վ. Ավետիսյանի հեռախոսում, լսվում է , թե ինչպես Արթուր Գասպարյանը Վահեին դիմում «արայով», վիրավորում նրան, խոստանում գալ Նոյեմբերյան եւ Վահեի տան մեջ նրա «պատասխանը տալ»: Օգոստոսի 2-ին Վահե Ավետիսյանը զանգահարել է ՊԵԿ «թեժ գիծ» ներկայացել իր հետ կատարվածը: Դրանից հետո Արթուր Գասպարյանը բազում մարդկանց, ովքեր Վահեին ծանոթ են, խնդրել է, որպեսզի նրանք Վահեի մոտ միջնորդեն՝ բողոքին ընթացք չտալու համար: Վահե Ավետիսյանը հայտնեց , որ Արթուր Գասպարյանը Բագրատաշենի մաքսակետում նախկինում շատ քաղաքացիների է կոպտել, հայհոյել, սակայն միշտ անպատիժ է մնացել:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը