Հայաստանում ծայրահեղ աղքատներն ապրում են ծայրահեղ հարուստների կողքին. Ինչո՞ւ է առաջացել հասարակության նման բևեռացում (տեսանյութ)


Հայաստանում ծայրահեղ աղքատներն ապրում են ծայրահեղ հարուստների կողքին. Ինչո՞ւ է առաջացել հասարակության նման բևեռացում (տեսանյութ)

  • 04-08-2017 17:01:11   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում աղքատ է բնակչության 30 տոկոսը, որից միայն 16-տոկոսն է ընդունում, որ աղքատ է: Ըստ նույն տվյալների` մեր երկրում ծայրահեղ աղքատ է բնակչության 1-2 տոկոսը, իսկ 82 տոկոսը համեստ ապրողներն են: Եվ միայն բնակչության մոտ 4-5 տոկոսն են կազմում հարուստները, որոնց հաջողվում է բավարարել ընտանիքի անդամների բոլոր պահանջմունքները: 
 
Ինչպե՞ս և ինչո՞ւ հայ հասարակության մեջ առաջացավ նման բևեռացում, որը գնալով խորանում է: 
 
«Նոյյան Տապան»-ը նշյալ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի և սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հետ: 
 
Ըստ Գ. Մակարյանի` Հայաստանում ծայր աղքատների և ծայրահեղ հարուստների ի հայտ գալը պայմանավորված է խորհրդային ժամանակներից մնացած որոշակի մտածելակերպով: 
 
«Անկախացումից հետո մարդկանց որոշ մասը խորհրդային մտածելակերպով կարծեց, որ իր գործն անելով` երկրին ծառայում է և դա բավարար է, իսկ մյուս մասն իր դերակատարությունը տեսավ որոշակի բարձրունքների հասնելու համար, ուստի ազդեցության լծակներ և կառավարման մեխանիզմներ ձեռք բերելու շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացավ վարպետորեն հարստանալ»,- նշեց նա: 
 
Գ. Մակարյանի կարծիքով` աղքատների և հարուստների միջև անջրպետը վերջին մի քանի տարիների ընթացքում խորացել է այն պարզ պատճառով, որ տնտեսական առանձնակի աճ չի գրանցվել, փոխարենը մեծացել է ստվերային տնտեսությունը և ավելացել է արտագաղթը: 
ՀԳՀՄ նախագահի խոսքերով` Հայաստանում առկա պատկերը բնորոշ է մոնոպոլիզացված տնտեսություն և իշխանություն ունեցող բոլոր երկրներին:
 
Իրավիճակից դուրս գալու ելքը Գ. Մակարյանը պայմանավորում է հանրային մտածելակերպի փոփոխությամբ, որի լավագույն միջոցը նա համարում է կրթական մակարդակի բարձրացումը և նոր սերնդին ավելի ժողովրդավարական մտածելակերպով դաստիարակելը: 
Հայաստանում աղքատության շեմն էականորեն նվազեցնելու համար նրա պնդմամբ` առնվազն 4-5 տարի է պետք, մինչդեռ գործազրկությունը հնարավոր է նվազեցնել 1-2 տարվա ընթացքում: 
 
Անդրադառնալով վերոնշյալ խնդրին` Ա. Ադիբեկյանը շեշտեց, որ աղքատությունը բոլոր երկրների ամենացավոտ խնդիրներից մեկն է, և յուրաքանչյուր երկիր յուրովի է մոտենում այդ խնդրի լուծմանը: 
 
«Մեզ մոտ շուրջ 100 հազար ընտանիք և 12 հազար երեխա պետությունից ստանում է նպաստ, այսքանով պետության աջակցությունն ավարտվում է. Եթե արտասահմանում կան համապատասխան հիմնադրամներ, որոնք օժանդակում են նմանատիպ ընտանիքներին, ապա Հայաստանում նման համակարգ չկա»,- նշեց սոցիոլոգը` հավելելով, որ բարեգործության տեսանկյունից Հայաստանը բավականին հետամնաց երկիր է: 
 
Նրա խոսքերով` հայ ազգի դժբախտություններից մեկն էլ այն է, որ Հայաստանում ապրող մեծահարուստները չեն օգնում աղքատ բնակչությանն ու գիտնականներին, այլ իրենց ունեցվածքը կուտակում են նկուղներում: 
 
«Ժամանակին Գարեգին Նժդեհն ասել է. Եթե Իզմիրի հայերն իրենց ոսկիները հանեին դուրս, ապա ամբողջ Եվրոպան կկարողանային գնել, և Հայկական հարցը պետականորեն կլուծվեր, ուղղակի նրանք դա չարեցին, արդյունքում եղավ ցեղասպանությունը և այդ գումարները կամ կորցրեցին, կամ թալանվեցին թուրքերի կողմից»,- ընդգծեց Ա. Ադիբեկյանը:   
 
Վերջինիս համոզմամբ` աղքատության դեմ պայքարը պետք է լինի համակարգային, այսինքն` և պետությունը, և գործարարը, և համայնքը, և եկեղեցին պետք է ուշադրություն դարձնեն շրջապատում ապրող կարիքավոր մարդկանց խնդիրներին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն