Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը


Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը

  • 04-08-2017 17:09:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

civilvoice.am. Հունիսի 21-ին Ազգային ժողովի նիստում պատգամավոր Շաքե Իսայանը, մեջբերելով բնապահպանական հասարակական կազմակերպությունների հիմնավորումները, հարց էր ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկի ջրերի աղբյուրների աղտոտման վերաբերյալ: Վարչպետն ի պատասխան հայտարարել էր, - «Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու, որովհետև միջազգային էքսպերտների գնահատականներով դա հսկում ենք մենք»: Թե ինչ «Էքսպերտների» միջոցով է կառավարությունը հսկում հայտնի չէ և ոչ մի նման պաշտոնական փորձագիտական խումբ գոյություն չունի: Նման խմբի գոյության մասին հայտարարում է միայն Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն էլ ձևավորել է այդ «անկախ» խումբը: Ինչպես ժամանակին Լիդիանի խիստ թերի ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ տվել դրական եզրակացություն, այնպես էլ նույն Լիդիանի փորձագիտական խմբի հույսին է մնացել հայրենի կառավարությունը:
 
 Վարչապետը խոստացել էր նաև ԱԺ պատգամավորին ներկայացնել նյութեր, իսկ եթե պատգամավորը հանքի շահագործման արդյունքում ջրերի աղտոտման ռիսկեր կգտնի` թող իրեն տեղեկացնի։ Պատգամավորն էլ իր հերթին սոցիալական ցանցի միջոցով հայտարարել էր վարչապետից նյութեր ստանալու դեպքում ներկայացնել հանրությանը, ինչը, բնականաբար, չի ներկայացվել: Հստակ իմանալով, որ խոստացված նյութերը չեն ներկայացվելու դրանց բացակայության պատճառով, հիմք ընդունելով այն փաստը, որ վարչապետի խոստումը արդեն երկրորդ ամիսն է չի իրականացվում` Civil Voice ՀԿ-ն կոչ է անում վարչապետին` չփնտրել անփնտրելին, իսկ Ամուլսարի շահագործման անվտանգության մասին հավաստիացումները` համարել անվավեր: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը