Շուտով շահագործման կհանձնվի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նոր մասնաշենքը. ԱՆ


Շուտով շահագործման կհանձնվի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նոր մասնաշենքը. ԱՆ

  • 04-08-2017 18:07:23   | Հայաստան  |  Հասարակություն

Շուտով շահագործման կհանձնվի Վերատադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նոր մասնաշենքը։ Այստեղ ծնարանները, վիրասրահներն ու հիվանդասենյակները համապատասխանեցված են եվրոպական ժամանակակից պահանջներին։
 
Տնտեսված միջոցների հաշվին նաև ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ։ Վերջին սերնդի դոպլեր-էխոսկոպի շնորհիվ կբարձրանա նախածննդյան շրջանի ախտորոշիչ հետազոտությունների, հատկապես` պտղի զարգացման արատների, պտղի աճի դանդաղման, ինչպես նաև ընկերքի անբավարության վաղ հայտնաբերման, հետևաբար` բուժման արդյունավետությունը։
 
Ներդրումների շնորհիվ ձեռք բերված ժամանակակից, պունկցիոն համակարգով լայնէկրան էխոսկոպը լավագույնս կծառայի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների բաժանմունքին` նպաստելով անպտղության հաղթահարմանը և ծնելիության ցուցանիշների բարելավմանը։
 
Վերարտադրողական և ծննդօգնության ծառայությունների որակի բարելավմանը մեծապես նպաստում են Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից փորձառու մասնագետների մշտական այցերը։ Նրանք մեր բժիշկներին հաղորդակից են դարձնում բուժման նորագույն մեթոդներին և իրենց փորձին։
 
Համագործակցելով Մանկական կուրության կանխարգելման կենտրոնի հետ` այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում անհասության ռետինոպաթիայի բարեգործական հիմունքներով լազերային վիրահատությունների կատարմանը։
 
Նշենք, որ ինստիտուտում իրականացվող ներդրումների շնորհիվ շարունակաբար բարելավվում են բուժօգնության որակը և ծննդօգնության պայմանները։
Նոյյան տապան  -   Հասարակություն