Ամուսինը պարբերաբար ծեծի է ենթարկել ու ստորացրել է կնոջը, սակայն ամեն անգամ խնդրել է վերամիավորվել. 34-ամյա կնոջ մահվան դեպքով նոր տեղեկություններ


Ամուսինը պարբերաբար ծեծի է ենթարկել ու ստորացրել է կնոջը, սակայն ամեն անգամ խնդրել է վերամիավորվել. 34-ամյա կնոջ մահվան դեպքով նոր տեղեկություններ

  • 04-08-2017 18:15:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի կենտրոնում երիտասարդ կնոջ հանկարծամահության դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
 
Կայքի տեղեկություններով, 34-ամյա կինը շուրջ 10-ը տարի ամուսնացած է եղել, ամուսիններն ունեցել են 2 երեխա, սակայն այդ տարիների ընթացքում ամուսնու կողմից պարբերաբար ծեծի ու դաժան վերաբերմունքի է արժանացել, իսկ ողբերգական դեպքից օրեր առաջ էլ այլևս չկարողանալով հանդուրժել այդ ստորացումները՝ երեխաների հետ միասին հայրական տուն է վերադարձել:
 
Կնոջ առողջական վիճակը հայրական տանը նկատելիորեն վատացել է, գլխացավեր է ունեցել, նրա մարմնի վրա հարազատները կապտուկներ են նկատել, սակայն հիվանդանոց դիմելու հարազատների խնդրանքները մերժել է:
 
Կայքին հայտնի է դարձել նաև, որ կինը նույնիսկ ինքնասպանության մի քանի փորձ է կատարել ՝ ցանկանալով նետվել պատուհանից, ինչը կարողացել են կանխել նրա հարազատները՝ ովքեր խնամել են նրան վերջին օրերին և ընկերուհին:
 
Սակայն օգոստոսի 3-ին շտապօգնությունը մեկնելով նրանց տուն հայտնաբերել է կնոջ դին՝ բռնության հետքերով:
 
Մեր տեղեկություններով, երբ կինը հայրական տուն է գնացել, ամուսինը փորձել է նրան հետ վերադարձնել, նամակ է ուղարկել խնդրելով վերամիավորվել, խոստանալով, որ էլ ձեռք չի բարձրացնի կնոջ վրա, սակայն կինը մերժել է ու պատասխանել, որ ամեն անգամ ներել է նրան կարծելով, որ կուղղվի, սակայն ամեն անգամ էլ ավելի նենգաբար ու դաժանորեն է ծեծի ենթարկվել՝ քաշել է իր մազերից, գետին գցել, ոտքերով հարվածեր հասցրել:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կնոջ 38-ամյա ամուսինը ձերբակալվել է:
 
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play