Տաքսու վարորդները պատրաստվում են խաբեության համար դատի տալ նախարարին. նախարարությունից հակադարձում են՝ բոլորը պետք է լիցենզավորվեն
04-08-2017 19:47:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Անհատ տաքսու վարորդները պատրաստվում են դատի են տալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին իրենց խաբելու համար: Վարորդները նշում են, որ տաքսիների համար նախատեսված լիցենզիաների գումարները զրոյացնելու գրությամբ դիմել են նախարարին, բայց վերջինս, ըստ նրանց, հարցին լուծում տալու փոխարեն դիմել է հարկադիր կատարման ծառայությանը: Նախարարությունից, սակայն, հայտնում են, որ զրոյացնելով կամ բոյկոտելով՝ խնդրին լուծում չի տրվի, միևնույն է, բոլորը տաքսիները պետք է լիցենզիա ունենան:
Տաքսու վարորդ Կառլեն Կուրղինյանը, ով ամիսներ շարունակ 12 հազար դրամ լիցենզիայի գումարը չվճարելու համար տուգանվել է, նշեց չվճարելու դրդապատճառները:
««Յանդեքսը» երկու տարի է քշում է, բայց լիցենզիայի համար փող չի տալիս, անհատ վարորդները ինչո՞ւ պետք է վճարեն: Կամ՝ բոլորս պետք է լիցենզիայի գումարները մուծենք, կամ էլ ոչ մեկ չմուծի: Դաշտը հիմա անհավասար և անարդար է»,- ասաց նա:
Վարորդի խոսքով՝ իրենք նախարարի հետ հանդիպմանը 90 ստորագրությամբ գրություն են փոխանցել՝ գումարները զրոյացնելու խնդրանքով: Վահան Մարտիրոսյանն էլ խոստացել է հարցը բարձրացնել Ազգային ժողովում:
«Նախարարը գրությունը վերցրել է, երկու ամիս պահել է մոտը, մեկ էլ 2 ամիս հետո հարկադիրից սկսեցին տուգանքներ գալ լիցենզիայի գումարը չվճարելու համար»,- հայտնեց Կուրղինյանը:
Նրա տեղեկացմամբ՝ անհատ տաքսու վարորդները փաստաբանի միջոցով փորձել են դիմել դատարան, բայց հայցի ներկայացման իրավունքի ժամկետը լրացած է եղել. «Տուգանքների գումարները զրոյացնելու պահանջով չկարողացանք դիմել դատարան, քանի որ նախարարը երկու ամիս գրությունն իր մոտ էր պահել է և ժամկետը լրացել էր»,- շեշտեց վարորդը:
«Նախարարը խաբեբա է, խարդախ է, և հիմա այդ հոդվածներով ենք իրեն դատի տալու: Փորձում ենք նաև չարաշահում, անգործություն, այդպիսի հոդվածներ գտնենք՝ դատի տալու համար»,- ասաց Կառլեն Կուրղինյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը նկատեց, որ բոյկոտելով կամ դատարաններ դիմելով՝ խնդրին լուծում չի տրվի, միևնույն է՝ բոլորը պետք է լիցենզիա ունենան:
«Երբ վարորդները ցանկություն են ունեցել հանդիպելու, նախարարն իրենց ընդունել է: Նախարարի տեղակալները և մյուս պաշտոնյաների մասին ևս: Խնդիրները քննարկվել են, իրենք էլ գիտեն ինչ ընթացքի մեջ է, բայց ամեն անգամ վեր կենալ և հայտարարել՝ դիմել ենք, մեզ անտեսում են, այդպես չէ»,- նշեց Առաքելյանը:
Հարցին, թե օնլայն տաքսիների վարորդները լիցենզիա, գումարներ չե՞ն վճարում, Առաքելյանը պատասխանեց. «Նախարարի խոսքն եմ կրկնում՝ բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում: Սա նշանակում է, որ օնլայն տաքսիները ևս վաղ թե ուշ լիցենզավորվելու են»:
Նախարարի մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ ամենօրյա ստուգումներ են իրականացնում և լիցենզիա չունեցող տաքսիները տուգանվում են: