ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը կլինի կառավարության օրակարգում, քանի դեռ չի ստորագրվել. Վարդան Արամյան
04-08-2017 19:49:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցությունների առարկա է: Այս մասին «Ազատության» « Տնտեսական ազատություն» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցն իրականում եղել է, կա ու լինելու է կառավարության օրակարգային հարցը, քանի դեռ չի ստորագրվել: Հայ-ամերիկյան ցանկացած միջկառավարական նիստի ժամանակ այդ հարցն արծարծվել է, և արծարծվելու է նաև հոկտեմբերին տեղի ունենալիք նիստի ժամանակ: Դա բանակցությունների առարկա է և այստեղ կան երկկողմանի փաստարկներ»,-ասաց նախարարը:
Վարդան Արամյանը հայտնեց, որ ԱՄՆ-ի փաստարկներից մեկն այն է, որ այսօրվա դրությամբ հղում են կատարում ԱՄՆ-ի կողմից 1973 թվականին ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին. «Առաջարկում են առաջնորդվել այդ պայմանագրով»:
Նախարարի խոսքով՝ հայկական կողմի հակափաստարկն այն է, որ Հայաստանը Խորհրդային Միության իրավահաջորդը չէ, բացի դրանից՝ 1973 թվականից հետո միջազգային հարկման սկզբունքներում խաղի կանոններ են փոխվել. «Որպես հարկման օրինակելի ձև՝ երկրներն օգտագործում են տնտեսական համագործակցության և զարգացման անդամ երկրների կողմից մշակված շրջանակային համաձայնագիրը»:
«Ազատության» հարցին, թե այն, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները շարունակո՞ւմ են համագործակցել կեսդարյա վաղեմության համաձայնագրով, ինչ խոչընդոտներ է դա առաջացնում, Վարդան Արամյանը պատասխանեց.«Ոչ միայն առևտրային, այլ նաև տնտեսական հարաբերություններն են կարևոր, ուղղություններից մեկն էլ ներդրումների ոլորտն է: Այնտեղ, որտեղ ծագում է հարկային պարտավորություն, իրենք իրենց ավելի հուսալի են զգում, երբ խաղի կանոնները հարկման տեսանկյունից հստակ են լինում և հարկումը մեկ կողմից է: Այժմ պետությունները հարկվում են երկու երկրներում էլ»:
Հարցին, թե 2015-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն կնքեցին առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր, ի՞նչ տվեց այն, նախարարը պատասխանեց, որ իրականում վստահությունն է բարձրանում, և դրանից հետո ամերիկյան մեկ կազմակերպություն կատարել է ներդրում հիդրոէլեկտրակայանում. «Համաձայնագիրն ավելի մեծ վստահություն տվեց ընկերությանը, նման համաձայնագրերը լրացուցիչ խթան են, որ ներդրողերը որոշումներ կայացնեն»: