«Սա մեսիջ է Ադրբեջանին». Դավիթ Բաբայանը՝ Ռուհանիի հայտարարության մասին.168.am


«Սա մեսիջ է Ադրբեջանին». Դավիթ Բաբայանը՝ Ռուհանիի հայտարարության մասին.168.am

  • 07-08-2017 13:18:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հայաստանի և Իրանի նախագահները Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Արցախի հարցը։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հատկապես շեշտել է, որ Թեհրանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում, մասնավորապես՝ սահմանակից շրջաններում լիարժեք անվտանգության հաստատմանը՝ հավելելով, որ Արցախյան հակամարտությունը միայն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե անվտանգության վերաբերյալ Ռուհանիի հայտարարությունն ի՞նչ է նշանակում, կան կարծիքներ, որ այն ուղղված է հատկապես Ադրբեջանին։
 
«Պաշտոնական Թեհրանը միշտ էլ շատ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և միշտ էլ ջանքեր է գործադրել, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա։ Իրանը դեմ է եղել պատերազմական գործողություններին։ Մի պահ նույնիսկ ակտիվ միջնորդական առաքելություն էր իրականացնում, հիմա մի փոքր ավելի պասիվ է, այսինքն՝ ֆորմալ տեսանկյունից չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես միջնորդ, բայց միշտ էլ Իրանի գործոնը եղել է կարևոր։ Եվ հիմա այն, ինչ Ռուհանին է հայտարարել, կրկին այս քաղաքականության դրսևորումն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը։
 
Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղությունը բխում է նախ և առաջ՝ Իրանի շահերից. «Իրանը սահմանակից է և՛ Ադրբեջանին, և՛ Արցախին, և Հայաստանին, ունի լուրջ խնդիրներ Ադրբեջանի հետ, ու, թեպետ փակ ձևով փորձում են ամեն ինչ հարթել, բայց նույն Ադրբեջանում չեն թաքցնում իրանական տարածքների նկատմամբ իրենց հավակնությունները։ Ադրբեջանում խոսում են Հարավային Ադրբեջանի բռնակցման մասին, սատարում են անջատողականներին, և Իրանը հասկանում է, որ, եթե լինեն լայնածավալ պատերազմական գործողություններ, կամա թե ակամա, ինքը նույնպես կարող է մասնակից դառնալ այդ գործընթացներին։
 
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, Իրանի յուրահատուկ հարաբերություններն Արևմուտքի հետ, տարբեր այլ պետությունների հետ, եթե Իրանն անկայունության մեջ հայտնվի, ապա սա ամբողջ տարածաշրջանի և, միգուցե, նաև ամբողջ աշխարհի համար կլինի շատ վտանգավոր։ Դրա համար փորձում են խաղաղ կարգավորման հասնել։ Սա նաև մեսիջ է Ադրբեջանին, որ հանկարծ չփորձեն ապակայունացնել իրավիճակը, և, եթե այդպես լինի, ապա ի դեմս Թեհրանի՝ նրանք երբևէ չեն գտնի աջակցող կողմի»։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական