«Գրին քարտը»՝ առանց «ղումարի».aravot.am


«Գրին քարտը»՝ առանց «ղումարի».aravot.am

  • 07-08-2017 17:16:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ խստացնել «գրին քարտի», այսինքն՝ իր երկրում օրինական ապրելու իրավունքի տրամադրումը, ինձ թվում է, տրամաբանական է, եւ հուսով եմ՝ կհաստատվի Կոնգրեսի կողմից:
 
Այս հարցում Թրամփն իրավացի է՝ «գրին քարտը» չի կարող տրվել պատահականորեն, վիճակախաղով, եւ լավ է, որ այդ տեսակի «ղումարբազության» գայթակղությունից զերծ կմնան, մասնավորապես, մեր համաքաղաքացիները: Ես գիտեմ, որ Սիլիկոնի հովտում ապրում եւ աշխատում են մի քանի տասնյակ մեր քաղաքացիներ: Նրանք երիտասարդ են, կրթված, բնականաբար, տիրապետում են անգլերենի, դրան գումարած՝ չեն հրաժարվում մեր քաղաքացիությունից, պահպանում են կապը հայրենիքի հետ, պատրաստ են Հայաստանին օգնել եւ օգնում են (ոչ թե փողով, այլ իրենց գիտելիքներով, ինտելեկտով, որն ավելի թանկ է), մտահոգված են մեր իրավիճակով, բայց իրենց մտահոգությունն արտահայտում են զուսպ եւ կոռեկտ: Այդ մարդիկ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ապրող այդ տիպի հազարավոր հայաստանցիներ, «գրին քարտի» խնդիր երբեք չեն ունենա: Իսկ հիմա պատկերացրեք մեկ այլ հայաստանցու՝ մոտավորապես իմ տարիքի, որը «գրին քարտ» է շահել կամ կարողացել է խաբել ամերիկյան իմիգրացիոն իշխանություններին՝ համոզելով նրանց, որ նա, օրինակ, միասեռական է, եւ նրան Հայաստանում հետապնդում են: Նա ապրում է ամերիկյան կառավարության, այսինքն՝ հարկատուների տված գործազրկության նպաստով, անգլերեն չգիտի, եւ դա նրան պետք էլ չի. ներքնաշապիկը հագին` ամբողջ օրը նստած է Լոսի՝ նրբատախտակից սարքած իր «բարաքի» բակում, «նարդի է գլորում»՝ բարձրաձայն միացրած «ռաբիս» երաժշտության ներքո: Երկու-երեք բաժակ օղի կամ վիսկի խմելուց հետո նա իրեն «ազգային գործիչ» է զգում եւ «քֆուր-քյաֆար» է կապում նախկին հայրենիքի հասցեին, վերջում էլ ավելացնելով՝ «եթե էդ երկիրը դզվի, ես հետ կգամ»: Էլ ի՞նչ «ազգային գործիչ», եթե նման դատարկ խոստում չհնչեցնի:
 
Միացյալ Նահանգների կառավարությունն իրավունք ունի՞ նմաններին իր երկիր չթողնելու: Ինձ թվում է՝ լիակատար: Իհարկե, ում մտքին կա Հայաստանից գնալը, միեւնույն է՝ կգնա: Բայց Ռուսաստանում, օրինակ, շատ ավելի քիչ է հավանականությունը, որ այդ տեսակի «պերսոնաժին» որեւէ նպաստ կտան կամ կընդունեն նրան որպես «հալածյալ»: Նա ստիպված կլինի ինչ-որ աշխատանք գտնել: Բացի այդ, Ռուսաստանում նա հնարավորություն չի ունենա «ազգային գործիչ» ձեւանալու եւ քաղաքակիրթ երկրի «բարձունքներից» մեզ խելք սովորեցնելու: Մի խոսքով, այս անգամ Թրամփի որոշումը, կարծում եմ, միանգամայն արդար էր:
 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play