Ուսանողների թվի կրճատման պատճառը արտագաղթն է և մասնագիտական կողմնորոշում չունենալը․ Ա. Ադիբեկյան.tert.am


Ուսանողների թվի կրճատման պատճառը արտագաղթն է և մասնագիտական կողմնորոշում չունենալը․ Ա. Ադիբեկյան.tert.am

  • 07-08-2017 17:34:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am.Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝ 85-ից հասնելով 60-ի, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
 
Նրա խոսքով՝ բուհերի և ուսանողների թվի նվազումը միայն ծնելիության և արտագաղթի հետ չէ կապված։ Ըստ Ադիբեկյանի՝ կարևոր խնդիր է նաև այն, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 տոկոսը մասնագիտական կողմնորոշում չունի։
 
«2012 թ․ ընդունվել է 21 300 ուսանող, ավարտել է 12 300-ը, 60 տոկոսն է ավարտել։ Նույնը մենք ակնկալում ենք այս շրջանում։ Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխան դեռ դպրոցում ուղղված է դրան, այցելում է համապատասխան դպրոց։ Այդ մասնագիտություններում կրճատում համարյա չի նշվում, իսկ հումանիտար առարկաներում, ինչպես նաև տնտեսագիտության դեպքում բավականին լուրջ կրճատումներ են»,- նշեց սոցիոլոգը։
 
Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապում է բնակչության թվի սակավության հետ: Նա համոզված է, որ պատճառը բուհերի վատ կամ լավ աշխատանքը չէ։
 
Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով։ Նախորդ տարվա համեմատ՝ ուսանողների թիվն աճել է, բայց 10 տարվա կտրվածքով՝ անհամեմատ նվազել։
 
«Այս փուլում հայ շրջանավարտներին ենք ընդունում, և գրեթե նույնն է մասնագիտությունների առումով։ Բայց արդեն օգոստոսին սփյուռքահայ դիմորդների հոսքն է սկսվելու և հենց նրանց վրա էլ հույսը դնում ենք։ Կարծում եմ՝ տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի ուսանողների վրա»,- ասաց Հարությունյանը։
 
ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ հայտնեց, որ ընդունելության քննությունների առաջին, երկրորդ փուլերին եղել է 9559 դիմորդ, որից ընդունվել է 8266-ը։ Նախորդ տարվա համեմատ այս տարվա ցուցանիշը նվազել է մոտ 500-ով։
 
Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին հատկացված տեղերից 1․5-2 անգամ ավելի ուսանողներ կան ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մշակութաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետներում, բայց ընդունվողների թիվը տարեցտարի նվազում է ֆիզմաթ և բնագիտական բաժիններում։
 
«1995-2008 թթ․ ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում ունեցել ենք նաև հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր համալրել թափուր տեղերը։ Հաշվի առնելով, որ մեր տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հիմնարարը գիտությունների դերը, վերջին տարիներին մենք դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- ասաց Գալստյանը։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play