Ավարտվել է «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքը


Ավարտվել է «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքը

  • 08-08-2017 15:05:13   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Պոլիտեխնիկի, ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների ուսանողները, արդեն երկրորդ անգամ, օգոստոսի 2-8-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում մասնակցեցին «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքին: 
 
 Հավաքը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ջանքերով: 
«Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կառույցների երիտասարդ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների, այլև ընկերական մթնոլորտում ծանոթանալ, շփվել տարեկիցների հետ:  «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» նախաձեռնության շրջանակում այս անգամ հավաքը մեկ հարկի տակ է համախմբել ինտելեկտուալ երիտասարդներին՝ ցույց տալով «ԱԶԳ-ԲԱՆԱԿ»-ի միասնության ուժը: 
«Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսի ներքո այս տարի նույնպես շուրջ 210 երիտասարդ մրցեցին 3 ճակատներում, որոնք անվանակոչվել են Արցախյան և Քառօրյա պատկերազմի պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի(Կարմիր ճակատ), Կարեն Ներսիսյանի(Կապույտ ճակատ) և Արամ Աբրահամյանի(Ծիրանագույն ճակատ) անուններով:
Հավաքի պաշտոնական բացմանը ներկա էին Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսիյանի և Արամ Աբրահամյանի ընտանիքի անդամները, հարազատները, Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Հրավիրված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ ուսանողական խորհուրդների նախագահներ:   
Բացման արարողությունից հետո երիտասարդները ճաշեցին և քննարկումներ ունեցան բարձրաստիճան հյուրերի հետ։
Հավաքի երրորդ օրը ճամբարականներին այցելեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Ողջունելով ճամբարի մասնակիցներին` պաշտպանության նախարարը կարևորեց նման հավաքների նշանակությունը և հորդորեց ազատ ժամանակն օգտագործել հայրենաճանաչողության ու լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարը ներկայացրեց «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները, անդրադարձավ զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:
Նախարարը ներկա գտնվեց նաև ճամբարականների ցուցադրական խաղերին, լսեց Արցախյան ազատամարտի և «Քառօրյա պատերազմի» հերոսներ  Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունները կրող ճակատների անդամների հեղինակած նոր երգը և պատասխանեց ուսանողների բազմաբնույթ հարցերին:
Հավաքի վեց օրերի ընթացքում ճամբարականները մրցեցին 15 մարզաձևերում, սովորեցին ռազմահայրենասիրական երգեր և պարեր։
Այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղի է ունեցավ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Կարոտ Մկրտչյանի անունը կրող «Կարմիրներ» ճակատը։
 
«Միասնության ուժ» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական առաջին հավաքը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն