Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել էնտերովիրուսային վարակներից


Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել էնտերովիրուսային վարակներից

  • 08-08-2017 15:46:53   | Հայաստան  |  Հասարակություն

Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:  
Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր: 
 
Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով: 
Տարիքային և սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին, առավելապես՝ ամառ-աշուն ամիսներին: Էնտերովիրուսներն առանձնահատկ են նաև տարածման մեխանիզմի բազմազանությամբ: Դրանք փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային),  օդակաթիլային մեխանիզմներով և փոշու միջոցով: Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը: Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով:
Էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է՝ 
- Խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց:
- Մեկնելու դեպքում՝ 
Լողալ միայն թույլատրված վայրերում,
Հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից,
Խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ և սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում, 
Հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում:  
Հանգստից վերադարձողներին  խորհուրդ է տրվում`
- Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: 
- Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել կազմակերպ հաստատություններ:  
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play