Իրանը սեփական տարածքներում երբևէ ազգութիւնների դէմ յանցագործութիւն չի իրականացրել.«ԱԼԻՔ»


Իրանը սեփական տարածքներում երբևէ ազգութիւնների դէմ յանցագործութիւն չի իրականացրել.«ԱԼԻՔ»

  • 09-08-2017 16:13:52   | Իրան  |  Վերլուծություն

Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Խանլարեանը Ասորիների Ցեղասպանութեան նահատակների մեծարման միջոցառման ժամանակ   զօրակցել է ասորական համայնքին եւ ելոյթ  ունենալով նշել, որ    ցեղասպանութիւնը  մեր երկու՝  հայ եւ ասորի ժողովուրդների ընդհանրական  ցաւն է  եւ կարեւորութեամբ յաւելել, որ Հայաստանը հանդիսանում է առաջին երկիրը, ով պաշտօնապէս ճանաչել եւ  դատապարտել է Օսմանական Թուրքիայի կողմից իրականացւած Ասորիների Ցեղասպանութիւնը:
 
Իրանահայ պատգամաւորը շարունակելով ցեղասպանութեան թեման յաւելել է, որ մարդկութեան հնագոյն քաղաքակրթութիւններից մէկի՝ ասորի ժողովրդի  ցեղասպանութիւնը  սկսւել է 18-րդ դարասկզբից, շարունակւել է 1915 թ. Հայոց Ցեղասպանութեանը զուգահեռ եւ շարունակւում է  առ այսօր՝ Մոսուլում, Նինւէում եւ ասորական այլ քաղաքներում, ինչպէս նաեւ Հոմսում, Հասակէում եւ Սիրիայի ասորաբնակ այլ շրջաններում, որոնք գտնւում են ահաբեկիչների ճիրանների տակ:
 
Իսլ. խորհրդարանի լրատւական կայքի հաղորդման համաձայն, հիւս. իրանահայութեան պատգամաւորը ակնարկ նետելով ԱՄՆ-ի չարդարացւող  էութեանը՝  այն համարել է  ջարդեր  ու  կոտորածներ կազմակերպող կամ  հովանաւորող կողմ եւ օրինակներ բերելով նշել՝ Ամերիկայի բնիկ հնդկացիների ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ միջուկային  ռումբի եւ զանգւածային ոչնչացման զէնքերի կիրառումը Ճապոնիայի դէմ: Պատգամաւորը ընդգծել  է նաեւ  ԱՄՆ-ի  հովանաւորութեան ներքոյ  իրականացւող յանցագործութիւնները, յանձինս՝ սիոնիստական վարչակարգի ու Թուրքիայի պետութեան կողմից:
 
Վերջնիս վրայ կանգ առնելով, հիւս. իրանահայութեան պատգամաւորը նշել է, որ Թուրքիան ցեղասպան երկրների  ցուցակում  բացառիկ մրցանիշ է գրանցել իր դաժան պատմութեան հաշւին: Նա նշել է, որ   Թուրքիայի ձեռամբ  աւելի քան հինգ  ազգութիւններ ու ցեղախմբեր՝ յանձինս հայերի, յոյների, ասորիների, մակեդոնացիների, բուլղարների, քրդերի եւ ալեւիների     ենթարկւել են ցեղասպանութեան, ինչի համար մինչ օրս այդ յանցագործ պետութիւնը պատասխանատւութեան չի ենթարկւել միջազգային ատեանների կողմից:
Նա  կարեւորել է պատմական այն փաստը, որ Իրանը, իր աւելի քան չորսհազարամեայ պատմութեան կտրւածքով, երբեք սեփական տարածքներում ապրող ազգութիւնների դէմ կազմակերպւած յանցագործութիւն չի իրականացրել: «Թերեւս հէնց այս պատճառով  է, որ Իրանը բոլորից աւելի շատ բարոյական իրաւունք ունի ճանաչելու եւ դատապարտելու այլոց կողմից  մարդու դէմ իրականացւած յանցագործութիւնները, ի թիւս այլոց, հայերի եւ ասորիների ցեղասպանութիւնները»,- ընդգծել է պատգամաւորը:
 
Դոկտ. Խանլարեանը միջոցառմանը ցուցադրւած տեսանիւթի կապակցութեամբ, որտեղ խօսւել է ԴԱԷՇ-ի  կողմից ջարդի ենթարկւած իրաքեան ասորիների փաստերի մասին, եւ այն, որ զոհերի յիշատակը շարունակւում է մնալ առանց յուշարձանի,  նշել է, որ  Հայոց Ցեղասպանութիւնը յիշատակող Դեր Զորի հայկական եկեղեցին նոյնպէս ԴԱԷՇ-ի ձեռամբ է աւերւել եւ հողին հաւասարեցւել: Նա  յոյս յայտնեց, որ կը գայ այն օրը, երբ  ասորիներն իրենց պատմական հայրենիքում՝ Ազատ, Անկախ եւ Միացեալ Ասորեստանում, կը կառուցեն Ասորիների  Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձաններ:
 
«ԱԼԻՔ» օրաթերթ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն