Նման փառատոնները երիտասարդներին իրենց ծննդավայրում պահելու հարց են լուծում.Հայկ Չոբանյան


Նման փառատոնները երիտասարդներին իրենց ծննդավայրում պահելու հարց են լուծում.Հայկ Չոբանյան

  • 09-08-2017 17:41:38   | Հայաստան  |  Հասարակություն

Տավուշի   Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում  օգոստոսի 12-ին եւ 13-ին տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած  Շամշադինի մեղրի և հատապտուղների ամենամյա 6-րդ փառատոնը, որը  փառատոնի հյուրերին եւ մասնակիցներին խոստանում է բազմաթիվ անակնկալներ: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  «Տավուշի հոգևոր վերածնունդ հինադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը նշելով, որ այս տարի եւս պահպանվելու են նախորդ տարիների ավանդույթը. «Այս տարի  փառատոնի առաջին օրն կազդարարվի «Ջազը՝ սահմանին» համերգային ծրագրով, որն այս տարի կիրականացվի «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում` Հայաստանի պետական ջազ նվագախմբի ելույթով: Մյուս նորարարությունը մեղրով տորթի մրցույթն է, որի նպատակն անհատ ձեռներեցներին խրախուսելն է՝ գործունեությունն ընդլայնելու ու նոր գործընկերնր ձեռք բերելու հարցում: Կլինեն նաև խաղեր, որոնք կօգնեն մասնակիցներին բացահայտել Տավուշի պատմությունը, հրաշալիքներն ու առասպելները:
 
Վերջինիս փաստմամբ, այս փառատոնն իր շարունակական բնույթով ու 3000-ի հասնող այցելուների թվով ունի զբոսաշրջային մեծ ներուժ: «Այս փառատոնը մի քանի խնդիր է լուծում, նախ զբոսաշրջության տեսանկյունից բավական ակտիվանում է կյանքը, ապահովվելով տարածաշրջանում տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացում: Այս տարածաշրջանը մեղրի արտադրության հսկայական ներուժ ունի, մենք այժմ տեսնում ենք, որ փառատոնի անցկացումը նպաստել է մեղրի արտադրության ծավալների ավելացմանը»,- նշեց նա փաստելով, որ վերջին տարիներին այս փառատոնում մեծ է հատկապես երիտասարդների ակտիվությունը: Նաև ամեն տարի մի նոր բաղադրիչ է ավելանում փառատոնին:
 
Ըստ Հ. Չոբանյանի,  սահմանամերձ գյուղերը ծերանում են, բայց  նման փառատոնները երիտասարդներին իրենց ծննդավայրում պահելու հարց են լուծում ոչ միայն դինամիկ միջավայրի ստեղծմամբ, այլև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությամբ, ինչն էլ տարածքային զարգացման կարևոր խթանիչ ուժ են:
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ նշեց, որ  նման փառատոնները զբոսաշրջության զարգացման համար կարևոր են: Բայց ավելի կարևոր է փառատոնների միջև ընկած ժամահատվածում կատարված աշխատանքն ու դրա արդյունքում գրանցված տարածաշրջանային զարգացումը: 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն