«Թե Սիմոնյանի եղբայրն ինչ է ասում, արդեն իր խնդիրն է». Զարուհի Հովհաննիսյանը պնդում է՝ Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինն ունի լուրջ առողջական խնդիրներ


«Թե Սիմոնյանի եղբայրն ինչ է ասում, արդեն իր խնդիրն է». Զարուհի Հովհաննիսյանը պնդում է՝ Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինն ունի լուրջ առողջական խնդիրներ

  • 10-08-2017 19:26:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ես աշխատել եմ նրա հետ չխոսել կոնկրետ դեպքի մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով իր այցի մասին՝ Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, ով հիմա գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ իր ամուսնուն սպանելու կասկածանքով:
 
Զ. Հովհաննիսյանն ասաց, որ իր հիմնական մանդատը եղել է քրեատակարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջական խնդիրները և նրանց պահման պայմանները դիտարկելը.
 
«Այնպես որ, ես քրեական գործի մանրամասներին ընդհանրապես չեմ անդրադարձել: Այնքանով, որքանով նա վատառողջ է, նրա վիճակը բավական վատ է, ինքը պատմել է, թե ինչպես են առաջացել այդ խնդիրները: Նա ասել է, որ ինքը տարիներ շարունակ ենթարկվել է բռնությունների: Բայց քրեական գործին վերաբերող որևէ մանրամասնով ես չեմ հետաքրքրվել»:
 
Հիշեցնենք, որ Զ. Հովհաննիսյանն ասել էր, որ Ռուզաննա Մկրտչյանը երրորդ խմբի հաշմանդամ է. «Նրա ոտքերը այտուցված են, վերքեր ու տրոմբներ կան ոտքերին, ունի երիկամների, վահանագեղձի խնդիրներ, բավական կեղեքված է»:
 
Սպանված խորհրդականի հարազատ եղբայրն էլ՝ Արամ Սիմոնյանը, ասել է, որ Զարուհի Հովհաննիսյանը «սուտ» է խոսում.
 
«Զարուհի Հովհաննիսյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, թե Ռուզաննան խոշտանգված է եղել, մարմնական վնասվածքներ ունի: Կինս վերջին օրն իր հետ է եղել, ու բացարձակ հետքեր չէր տեսել, մի հատ կետ չի եղել նրա վրա: Ընդհանրապես, ես 100 տոկոսով համոզված եմ, որ Ռուզաննան չի սպանել իմ եղբորը»:
 
Մեզ հետ զրույցում Զ. Հովհաննիսյանն անդրադառնալով Մանուկ Սիմոնյանի եղբոր մեղադրանքին՝ ասաց, որ ինքը չի ստում. «Ես, նախ՝ ստելու առիթ չունեմ, այդ ամեն ինչն արձանագրված է, և ոչ միայն ես եմ դա ասում, այլև նախաքննության մարմինն է հայտարարություն տարածել, որ կինը ենթարկված է եղել ընտանեկան բռնության: Սա ինձնից չի գալիս, ես ոչ մի բան չեմ ասում այդ թեմայի շուրջ: Քրեական գործի հետ կապված էլ՝ ես ոչինչ երբևէ չեմ ասել: Դա ինքն իրավապահ մարմիններին թող ասի, և ոչ թե՝ ինձ»:
 
Զ. Հովհաննիսյանը նշեց, որ ինքն ասել է կնոջ պատմածը, որ այդ հիվանդությունները, որ նա ունի, եղել են բռնության հետևանք. «Նրա ֆիզիկական վիճակը բավական լուրջ էր, ահագին վատ վիճակում էր, հոգեբանական վիճակը նույնպես բավական վատ է: Հիմա թե Սիմոնյանի եղբայրն ինչ է ասում, արդեն իր խնդիրն է, ես երբեք չեմ պնդել, որ նա կարող էր լինել սպանողը, կամ, որ չի կարող լինել: Դրանով զբաղվում է նախաքննության մարմինը»:
 
Հարցին՝ Դուք վնասվածքներ տեսե՞լ եք Ռ. Մկրտչյանի մարմնի վրա, Զ. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Դրանք ոչ թե վնասվածքներ են, այլ երբևէ բռնությունների արդյունքում առաջացած հիվանդություններ: Ես դատաբժիշկ չեմ, որպեսզի վնասվածքներն արձանագրեմ, որ ասեմ՝ եղել է ծեծված 5 րոպե առաջ կամ մեկ ժամ առաջ: Ես ընդամենը տեսնելով իր վիճակը՝ ասել եմ, որ ունի առողջական լուրջ խնդիրներ»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն