Բողոքի ալիք է բարձրացել շուն պահող քաղաքացիների շրջանակներում. Բաց Նամակ քաղաքապետին Դինգո Թիմի կողմից


Բողոքի ալիք է բարձրացել շուն պահող քաղաքացիների շրջանակներում. Բաց Նամակ քաղաքապետին Դինգո Թիմի կողմից

  • 11-08-2017 12:15:20   | Հայաստան  |  Հասարակություն

Բաց Նամակ քաղաքապետին Դինգո Թիմի կողմից
 
Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.
Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից:
Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների և բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որևէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:  
Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին: 
Ըստ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնների 4-րդ մասի  (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները) 22-րդ կետում մասնավորապես նշված է. “Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների”:
Հարց է առաջանում. Երևան քաղաքում որոնք են “այդ նպատակով հատուկ հատկացված տարածքները”, կխնդրենք նշել: 
 
Առաջարկում և խնդրում ենք ամեն վարչական շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար:
Ինչպես նաև առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետևից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը: 
 
Կսպասենք պատասխանի
Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ հիմնադիր/նախագահ
 
Dingo Team
www.dingo.am
www.facebook.com/dingoteam
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն