ՊՆ գնդապետը վիճել եւ ծեծել է ճանապարհային ոստիկանին.ՀՔԾ


ՊՆ գնդապետը վիճել եւ ծեծել է ճանապարհային ոստիկանին.ՀՔԾ

  • 11-08-2017 15:24:14   | Հայաստան  |  Իրավունք

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
 
Այսպես, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի 6-ին Երևան-Սևան ավտոմայրուղու տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչ Տ. Ն.-ն փորձել է կանգնեցնել երթևեկության կանոնները խախտած` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ՊՆ աշխատակից Հ. Ս.-ին, սակայն վերջինս, ներկայանալով որպես գնդապետ, փորձել է շարունակել ճանապարհը: ՃՈ տեսուչը հարկադրաբար կանգնեցրել է ավտոմեքենան և վարորդից պահանջել փաստաթղթերը, ինչի կապակցությամբ վերջինս սկսել է վիճաբանել տեսուչի հետ: Այդ ընթացում Հ. Ս.-ն հարվածներ է հասցրել նրան, որից հետո ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:
 
Միջադեպից հետո` 07.08.2017թ.-ին, ոստիկանության հիշյալ բաժին ստացված ահազանգի համաձայն, Հ. Ս.-ն նույն օրը դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել է, որ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
 
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play