Լավ լուր Գագիկ Սուրենյանից.Օդի ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրեւ եւ կարկուտ


Լավ լուր Գագիկ Սուրենյանից.Օդի ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրեւ եւ կարկուտ

  • 14-08-2017 15:56:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Թեժ ու այրող ամառը սկսել է նահանջել` իր տեղը զիջելու նորմայի սահմաններում գտնվող օդի ջերմաստիճանին:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը armtimes.com-ի հետ  զրույցում ասաց, որ այս ամռան ընթացքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 42.6-ը: Այն դիտվել է հուլիսի 25-ին` Արարատյան դաշտում:
 
«Դա ռեկորդային ջերմաստիճան է: Այդպիսի ջերմաստիճան մեկ էլ գրանցվել է 1986 թվականի հուլիսի 9-ին»,- համեմատեց նա: Հավելեց, որ տվյալ իրավիճակը նորմայից շեղվել է +5 +7 աստիճանով:
 
Օդերեւութաբանության կենտրոնի պետը, սակայն, միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ ըստ կանխատեսումների, հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի: Նաեւ կդիտվեն անձրեւ ու կարկուտ:
 
«Այսօր առանց տեղումների եղանակը եւ բարձր ջերմային ֆոնը կպահպանվեն: Ջերմաստիճանը ցերեկը կմոտենա առավելագույնը +38 +39 աստիճանի, բայց արդեն վաղը 3-4 աստիճանով կնվազի եւ +35-ը չի գերազանցի: Եվս 5 աստիճանով կնվազի օգոստոսի 16-17-ին, ու արդեն 17-ին կանխատեսվում է, որ առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +30 +32-ի սահմաններում»,- տեղեկացրեց օդերեւութաբանը:  
 
Առաջիկա օրերին մեծ կլինի նաեւ տեղումների հավանականությունը: «Վաղը` օգոստոսի 15-ին, հանրապետության հյուսիսային շրջաններում` հիմնականում երեկոյան ժամերին, իսկ 16-17-ին արդեն բոլոր շրջաններում, այդ թվում` Երեւանում, երեկոյան եւ գիշերը կլինեն անձրեւներ: Առանձին հատվածներում հնարավոր են կարկուտ, ամպրոպներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում»,- շարունակեց Գագիկ Սուրենյանը:
 
Նա, սակայն վստահեցրեց, որ եղանակի սպասվող փոփոխությունները չեն նշանակում, թե դեպի աշուն ենք գնում. «Ոչ, դեպի աշուն չենք գնում, ուղղակի ջերմաստիճանը մոտենում է նորմային»:
 
 Տպել 152
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play