Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի մի մասն այրված է


Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի մի մասն այրված է

  • 14-08-2017 18:02:47   | Արարատի մարզ  |  Վերլուծություն

Խոսրովի անտառում բռնկված հրդեհի հետևանքով տարածքի մոտ 30 տոկոսը այրվել է:
 
Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ահազանգեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մնացած տարածքն էլ վտանգի տակ է:
 
«Այս պահին պահպանվող տարածքի 30 տոկոսը, որը ներառում է և Խոսրովի պետական արգելոցը, և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, այրված է: Դա կազմում է մոտ 5000 հեկտար: Վտանգի տակ են մյուս տարածքները, եթե լուրջ տեխնիկա չներգրավվի հրդեհաշիջման աշխատանքաին, ամբողջ պահպանվող տարածքի մակերեսը վտանգված է»,- ասաց մասնագետը:
Եվա Մարտիրոսյանի խոսքով՝ հրդեհը դեռ շարունակվում է, դրա ծավալներն այնպիսին են, որ մարդկային ուժը չի կարող դիմակայել: Լուրջ տեխնիկա է պետք, որը տեղում չկա: «Մենք դիմել ենք միջազգային մեր գործընկեր կազմակերպություններին՝ օգնության կոչով: Դեռևս սպասում ենք արձագանքի»,- հավելեց նա:
Մասնագետի խոսքով՝ Խոսրովի արգելոցը Հարավային Կովկասի ամենակարևոր կետերից մեկն է իր կենսաբազմազանությամբ ու կենսաբազմազանության խտությամբ: Այնտեղ հարյուրավոր տարիների պատմություն ունեցող ծառատեսակներ կան, կարմիր գրքային տեսակներ, որոնք շատ հեշտ են այրվում իրենց վրա եղած խեժի պատճառով:
Կենդանիների կորստի մասով, Եվա Մարտիորսյանի խոսքով, հստակ տվյալներ չկան այս պահին: Մասնագետներին հայտնի է, որ միջատների կենսաբազամազանությունն ունակ չէ կրակից փախչելու, այսինքն՝ ոչնչացվել են: Սողունների մասով ականատեսներ են եղել, որ այրված տեսակներ կան, իսկ մյուս կենդանատեսակների մասով դեռ որևէ հստակ գնահատական հնարավոր չէ տալ:
«Մենք դեռ չգիտենք, թե կենդանիներն ինչ վիճակում են, ոնց են կարողանում փախչել»,- նշեց նա:
Բնապահպան Գալուստ Նանյանը նույնպես ահազանգում է, որ Խոսրովի և Վայոց Ձորի մարզի Արտավանի անտառների հրդեհի հետևանքով կենսաբազմազանությունը մեծ վնաս է կրում: «Արտավանի դեպքում դա կարևոր օղակ էր էկոմիջանցքների համար, քանի որ այդ տարածքներով էին անցնում կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, գորշ այծը և հարյուրավոր թռչուններ: Թռնչաշխարհի հարուստ խումբ կար այնտեղ, իսկ հրդեհից հետո ենթադրվում է, որ կաթնասունները փախել են, նաև թռչուններն են հեռացել: Բայց թե ինչքան վնաս ենք կրել թռչունների ձագերի առումով, դժվար է ասել, որովհետև բներն այրվել են: Սողունների, մկների, միջատների առումով էլ կորուստներ կան», ասաց բնապահպանը:
Գալուստ Նանյանի խոսքով՝ այս երկու դեպքերով էլ պետք է հանձնաժողով կազմվի, որպեսզի պարզվի, թե կրակի աղբյուրը որտեղից է եղել, մեղավորներն էլ խիստ պատժի պետք է ենթարկվեն:
Ինչ վերաբերում է հարցին, որ տևական ժամանակ է չեն կարողանում մարել Խոսրովի անտառի հրդեհը, բնապահպանն ասաց, որ լանդշաֆտը խոչընդոտում է: «Հարթ տարածք չէ, կտրտված լանդշաֆտներ են, դժվար է աշխատանքներ տանելը»,- նշեց նա: Բացի այդ, բնապահպանն այստեղ նաև պետության բացթողումն է տեսնում:
«Սա նաև ահազանգ է, որ այսուհետ պետությունը զգոն լինի: Պարզվում է, որ ոչ մի գերատեսչություն մեկ դրամ անգամ չունի, որ օգնի նման դեպքերում: Այս դեպքից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է երկու ինքնաթիռ կամ ուղղաթիռ գնի, որոնք հարմարեցված կլինեն հրդեհները մեկուսացնելու համար: Ռազմական ինքնառիթն ու ուղղաթիռը նման դեպքերում այնքան էլ հարմարեցված չեն, վերևից ճիշտ ուղղությամբ չեն լցնում ջրի շիթը կամ ավազը», ասաց Գալուստ Նանյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն