Ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ՀՔԿ


Ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ՀՔԿ

  • 14-08-2017 18:31:07   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևանի 34-ամյա բնակչին:
 
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 34-ամյա բնակիչը, ով հետաքրքրություն է ունեցել թմրամիջոցների նկատմամբ, 2015 թվականին իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում բնակվող հայազգի մի տղամարդու՝ Արթուրի հետ։ Վերջինս առաջարկել է Օդեսայից լավ թմրանյութ ուղարկել Երևան։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաքված թմրամիջոցի մի մասը 34-ամյա տղամարդը պետք է թողներ Արթուրի մատնանշած վայրում, իսկ որոշ մասն էլ պահեր իր մոտ՝ անձնական օգտագործման համար։ 
 
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը 2017թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ուղևորափոխադրող ընկերությունից ստացել է փաթեթ, որտեղ կոշկի տուփում թաքցված է եղել իրացնելու նպատակով ծանոթի կողմից ուղարկված առանձնապես խոշոր չափերի՝ 34.83 գրամ «a-PVP» տեսակի թմրամիջոցը:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության  օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակցություն ունեցած շրջանակը պարզելու ուղղությամբ։
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք