Հայ ֆուտբոլասերները Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերը կարող են գնել անձը հաստատող փաստաթղթով.ՀՖՖ


Հայ ֆուտբոլասերները Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերը կարող են գնել անձը հաստատող փաստաթղթով.ՀՖՖ

  • 16-08-2017 15:21:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ ֆուտբոլասերները, որոնք կմեկնեն Ռումինիա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան խաղին, տոմսեր կարող են ձեռք բերել անձը հաստատող փաստաթղթով: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Տոմսերն արժեն 15 լեյ (Ռումինիայի դրամական միավոր), որն այսօրվա՝ օգոստոսի 16-ի դրությամբ, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, կազմում է մոտավորապես 1850 դրամ:
 
Հայաստանի հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-19:00, եւ սեպտեմբերի 1-ին՝ 12:00-ից մինչեւ հանդիպման մեկնարկը, Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի՝ հայ երկրպագուների համար հատկացված տոմսարկղից: Տոմսարկղի վրա կլինի ցուցանակ՝ «Հայ երկրպագուներին հատկացված սեկցիայի տոմսերի վաճառքի կետ» գրությամբ: Սկզբնապես հայ երկրպագուների համար վաճառվելու են մարզադաշտի N 126 սեկցիայի տոմսերը: Տոմսերի վաճառքի թվից ելնելով՝ հայկական կողմին կարող են տրամադրվել նաեւ 125, 355 եւ 357 սեկցիաները:
 
Ռումինիա-Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 1-ին: Մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:45-ին: Այս թիմերի 1-ին հանդիպումը, որը կայացել է 2016 թ. հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ավարտվել է ռումինացիների 5:0 հաշվով հաղթանակով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն