Ո՞վ է Պռոշյան գյուղում նորածնին թողել ծառի տակ. կատարվում է քննություն

17-08-2017 12:40:52   | Կոտայքի մարզ  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննություն է կատարվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 


2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա:
 
Նախնական տվյալներով՝ իգական սեռի նորածին երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում: Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում: 
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնող անձին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից