Կառավարությունում հավանության է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը


Կառավարությունում հավանության է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը

  • 17-08-2017 12:52:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն ու ծրագրի միջոցառումների ժամանակացույցը: Ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների: Ծրագրի մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն` ամենամյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարություն է ներկայացվելու հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետության առանցքային ցուցանիշների ուղղությամբ տվյալ տարվան նախորդող տարվա կատարողականի և հաջորդող երեք տարվա կանխատեսումների վերաբերյալ։ Արդյունքում հնարավոր կլինի հանրապետությունում ձևավորել միջազգային ասպարեզում մրցունակ, Եվրոպական հետազոտական տարածքի հետ ինտեգրված և այդ հետազոտական տարածքում իր մասնագիտացման տիրույթը ձևավորող ազգային գիտական համակարգ, որը կխթանի գերազանցությունը հիմնարար և կիրառական հետազոտություններում ու կնպաստի հանրապետության տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:
 
Կկարգավորվի հանրային աշխատանքների ներգրավման գործընթացը
 
Գործադիրը սահմանել է հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները: Ըստ այդմ, կկարգավորվի դատապարտյալների` հանրային աշխատանքներին ներգրավման գործընթացը, գործընթացի կազմակերպմանը մասնակցելու իրավասու մարմնին(երին) և անձանց, ներգրավման կարգը և ժամկետները ու հանրային աշխատանքների ներգրավման հետ կապված այլ հարաբերությունները: Որոշմամբ կարգավորվում է նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմին դատապարտյալների ներկայանալու կարգը և ժամկետները, հանրային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատավայրերի ապահովման նպատակով համագործակցությունը համապատասխան մարմինների հետ, հանրային աշխատանքների վայրերի և բնույթի ընտրության, դատապարտյալի կողմից` պատժի կրման մասին տեղեկատվության կան պարզաբանման ստացման նպատակով պրոբացիայի ծառայողի այցերը համապատասխան աշխատավայր և այլն:
Կառավարությունը հաստատել է նաև 2017թ. ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3–ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների մոտ առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը: Որոշմամբ գործադիրը թույլատրել է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը բացել արտաբյուջետային հաշիվ՝ լրացուցիչ շահույթն այդ հաշվին վճարելու նպատակով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն