ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին (տեսանյութ)


ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին (տեսանյութ)

  • 17-08-2017 13:41:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ոչ պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում:
 
Հայկական երկու հանրապետությունների գործադիր իշխանությունների ղեկավարներն Ասկերանի և Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերի մշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային համակարգի առավելությունների և առանձնահատկությունների մասին համապարփակ ներկայացմամբ երկու վարչապետների համար հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Գևորգ Վերանյանը: Վարչապետ Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ Արցախի կառավարությունը խրախուսում և աջակցում է բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդ համակարգը:
 
Այնուհետև վարչապետներ Հարությունյանն ու Կարապետյանը ուղևորվել են Մարտակերտի շրջան, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում: ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ՝ ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարական աշխատանքներին, ինչպես նաև տեղում քննարկել են համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք ծրագրեր:
 
«Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետևանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար և սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է վարչապետ Հարությունյանը:
 
Ա. Հարությունյանը և Կ. Կարապետյանը Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն