Խոսրովի մոխիրների տակ բացահայտվածը. Մեկնաբան


Խոսրովի մոխիրների տակ բացահայտվածը. Մեկնաբան

  • 17-08-2017 14:32:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Դատելով Խոսրովի արգելոցից ստացվող տեղեկություններից, հնարավոր է ասել, որ հրդեհը մարված է: Առայժմ անորոշ է կորստի չափը: Բարեբախտաբար չկա մարդկային կորուստ՝ թե հրդեհի հետեւանքով, թե մարման աշխատանքի ընթացքում դժբախտ որեւէ պատահարի: Անկասկած է, որ Հայաստանը կրել է բնապահպանական ահռելի կորուստ:
 
Այդ կապակցությամբ կարծիքները տարբեր են, իրավիճակը հիշեցնում է բաժակը կիսով չափ լցված կամ կիսով չափ դատարկ լինելու հայտնի տարբերակը. ոմանք կպնդեն, որ եթե համապատասխան ծառայությունները լինեին պատրաստ, ապա կարող էր լինել ավելի քիչ կորուստ, իսկ ոմանք էլ կպնդեն, որ եթե համապատասխան ծառայության աշխատանքի արդյունավետությունը չլիներ, ապա կորուստը կլիներ ավելի շատ եւ ծանր:
Առայժմ չկա իրավիճակի զուտ մասնագիտական, հստակ գնահատական, թե կորստի չափի, թե այն բանի վերաբերյալ, թե որքանով էր գործնականում հնարավոր խուսափել հրդեհից, կամ ավելի արդյունավետ լինել այն մարելու գործընթացում:
Ընդ որում, շատ դժվար է ասել, թե երբեւէ հնարավոր է ստանալ այդ հարցի սպառիչ պատասխան, հստակ ասելու համար՝ այդ պայմաններում եւ ծավալի հրդեհը մեկ շաբաթվա ընթացքում միայն մարելը բնական է՞ր, թե՞ վատ կամ լավ արդյունք էր: Ի վերջո անհերքելի է, որ անտառային հրդեհների դեմ չափազանց դժվար պայքարի օրինակ ունեն նաեւ աշխարհի զարգացած երկրներ, արդյունավետ կառավարվող, նվազ կոռումպացված, քիչ գողացող երկրներ:
Մյուս կողմից, հանրային քննադատությունը, այն էլ տեղեկատվական, ֆեյսբուքյան դարում, անկասկած անխուսափելի երեւույթ է: Առավել եւս, որ այն նաեւ մեծ հաշվով կարող է ունենալ այն էֆեկտը, ինչ անձրեւը կամ օդից ջուր լցնող օդանավը անտառային հրդեհի դեպքում: Բանն այն է, որ հանրային քննադատությունը իշխանությանն անընդհատ զգոն պահելու միջոց է:
Սակայն խնդիրն այն է, որ երբ այդ քննադատությունն անցնում է ռացիոնալության սահմաններն ու դառնում ինքնանպատակ ծայրահեղացված, իսկ շատ դեպքերում նաեւ շատ կոնկրետ քաղաքական, երբեմն նույնիսկ աշխարհաքաղաքական նկատառումներով ծայրահեղացված կամ հեգնանքով ու ծաղրով համեմված, ապա դա արդեն սկսում է աշխատել ոչ թե հանրության ու պետության օգտին՝ իշխանությանը ստիպելով տալ պատասխաններ, այլ աշխատում է հանրության ու պետության դեմ՝ ծայրահեղությամբ, ակնհայտ իռացիոնալությամբ, նենգափոխվածության մեծ չափաքանակով թույլ տալով իշխանությանը խուսափել պատասխաններից:
Օրինակ, երբ կարող է առանց հստակ փաստական բազայի, զուտ «աչքաչափով» հայտարարվել հազարավոր հեկտարների հրդեհի եւ կորստի մասին, կամ զուտ զգայական հիմքում ու քաղաքական կարգավիճակից բխող սրությամբ հայտարարել համապատասխան կառույցների անպատրաստության մասին, դրանից հետո այլեւս կորում է ենթադրենք մի քանի հարյուր հեկտարի կորստի շուրջ ռացիոնալ քննարկումների, բանավեճի եւ իշխանության արդյունավետությունն ու անարդյունավետությունը չափելու հնարավորությունը: Որովհետեւ իրականությունը նենգափոխված է՝ թեկուզ իշխանության դեմ ամենասուր հայհոյանքով:
Ի վերջո, անհրաժեշտ է արձանագրել թերեւս վաղուց պարզ մի իրողություն՝ իշխանությունը հայհոյանքներից, սրագույն քննադատություններից չէ, որ տագնապում է կամ անհանգստանում, այլ առանց ավելորդ զգայականության եւ հուզականության դրվող հարցադրումներից: Ավելին, իշխանությունն ինքը դրանցից խուսափելու համար կարող է խթանել իր այս կամ այն թեւի հասցեին հնչող ամենասուր եւ հայհոյախառն քննադատություն, գլխավորը, որ դա օգնի բուն խնդիրները նենգափոխելուն:
Իսկ այդ հարցում իշխանությանը կամա թե ակամա օգնողների պակաս որպես կանոն չի զգացվում արդեն տարիներ շարունակ:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն