Հայի տականքը անմրցելի է


Հայի տականքը անմրցելի է

  • 18-08-2017 11:34:42   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

Օրեր առաջ ընկերոջս՝ Արշակի հետ ուղևորվել էինք Սյունիք՝ հաղթահարելու երկար սպասված Խուստուփ լեռը (3201 մ) : Այս լեռը շատերի մոտ երկու խորհուրդ ունի՝ որպես լեռ՝ բարձունք և որպես Նժդեհյան ուխտատեղի: Գագաթից մոտ 150 մետր ներքև մի փոքրիկ քարայր կա, որտեղ, ըստ պատմածների, Նժդեհը օրեր շարունակ ճգնել է Զանգեզուրի մարտերից առաջ: Գագաթի մոտ է գտնվում նաև Նժդեհի կիսանդրին, որտեղից բացվում է տեսարան դեպի Սյունյաց լեռնաշխարհը: Եվ ահա, երկօրյա ուխտագնացությունը մեզ հասցրեց գագաթի շեմին՝ կիսանդրու մոտ, և այն սպասումը, որ մեզ ուղեկցել էր դեռ Երևանից դուրս գալիս, վերացավ. Նժդեհի կիսանդրու վրա մարտական փամփուշտի անցքեր էին բացված: 
 
Վլադիմիր Բադալյանը, որ իր ընկերոջ՝ Համլետի հետ գագաթին էր, պատմեց, որ սա արդեն չորրորդ անգամն է կրկնվում: Առաջինը եղել է 2002 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին, երրորդը՝ 2009 թվականին և արդեն ութ տարի է նման դեպք չէր գրանցվել, և,ահա՛, այս անգամ արդեն մարտական փամփուշտներով: Վլադը գրեթե ամեն տարի շինանյութով գնում է այնտեղ և կարգի է բերում Սպարապետի կիսանդրին և շուրջը: Պիտի անպայման նշեմ, որ հիմնականում սեփական միջոցներով: Հիմա ուզում եմ անրադառնալ հուշարձանի վրա կրակ բաց անողներին: Այս օրերի մտատանջումները մի քանի վարկածի են բերել: 
- Դա կարող էր անել որսորդների մի խումբ, գինովցած, առանց հասկանալու հուշարձանի կարևորությունը, անծանոթ լինելով Նժդեհի կյանքին ու գործին՝ անկիրթ ու բարոյազուրկ կյանք վարող մարդիկ:
 - Կարող էին անել տեղացի կամ ոչ տեղացի հականժդեհականներ, որոնք իրենց համոզմունքներում հստակ նշում են, որ Նժդեհը դավաճան էր: Այդպիսիք, հավատացե՛ք, պատահում են, ինձ էլ են պատահել: Կա՛մ հավատավոր կոմունիստներ են լինում, կա՛մ նրանց ժառանգները, ում Նժդեհը զոռով հանել էր ինքնապաշտպանության: 
- Երրորդ տարբերակը քիչ հավանական է, բայց ոչ բացառելի: Գուցե ինչ-որ թշնամական երկրից պատվերի արդյունք է, որը մեծ հաճույքով իրականացնում են նրանք, ովքեր պատրաստ են վաճառել անգամ սեփական մորը:
 Օտարերկրացիների դեպքը բացառում եմ, քանի որ ոչ մի այլազգի չէր կարողանա զենքով հայտնվել Սյունիքի սրտում՝ սահմանից շատ հեռու և առանց տեղացի ուղեկցորդի: 
Ամեն դեպքում, եթե իրականացնողի ձեռքը ընկնի այս հոդվածը, թող տեղեկանա, որ շուտով դիմացի ժայռին, այնպիսի տեղ, որ իր ավտոմեքենան հաստատ չի հասնի, արևային մարտկոցով տեսախցիկ է տեղադրվելու: Էլ չենք պատրաստվում սպասել Օպերային թատրոնում շոգեբաղնիք կառուցող մշակույթի նախարարներին կամ Հանրապետական կուսակցությանը, որն իբր նժդեհյան գաղափարների վրա է կառուցել իր գաղափարախոսությունը, բայց վարվում է ճիշտ հակառակ: Մեկ էլ տեղեկացնեմ, որ ամեն տեղեկացող ջերմորեն բարևում էր ձեր ծնողներին և ձեզ, սրբապի՛ղծ տականքներ:
Նժդեհը կասեր. -Հայի տականքը անմրցելի է...
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն