Համայնքների պատանիներն ստեղծագործում են անգլերեն


Համայնքների պատանիներն ստեղծագործում են անգլերեն

  • 18-08-2017 11:38:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) ամփոփեց  «Among the Brightening Bloom» ստեղծագործական գրի անգլալեզու դասընթացը։ Այն վարում էր ԱՄՆ-ից ժամանած անգլերենի ուսուցիչ, կրթական ծրագրերի մենեջեր, գրող Սեմյուել Արմենը։  Դասընթացին մասնակցել են Հիմնադրամի և ԱՄՆ դեսպանատան՝ անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի շրջանավարտները Հացիկ (Արմավիրի մարզ) և Արագածավան (Արագածոտնի մարզ) համայնքներից։
 
Երեք շաբաթ շարունակ 15-16 տարեկան պատանիները Հացիկի դպրոցի ստեղծագործարանում ընթերցում էին համաշխարհային գրականության լավագույն օրինակները, դիտում ֆիլմեր, ուսումնասիրում էսսե գրելու հիմունքները, փորձում ստեղծել իրենց սեփական պատմվածքները։
 
Դասընթացի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
 
Հիմնադրամի՝ անգլերենի ծրագրերի համակարգող Սյուզաննա Խաչատրյանը նշեց, որ դասընթացը հիմնված է եղել ուսանողակենտրոն դասավանդման մեթոդի վրա. «Հենց այդ մոտեցումն էլ կիրառվել է «Աքսես» երկամյա ծրագրի ընթացքում։ Սակայն, ի տարբերություն «Աքսես»-ի, այս դասընթացի հիմնական նպատակը գրավոր հաղորդակցության հմտությունների զարգացումն էր։ Այժմ շրջանավարտները կարողանում են թղթին հանձնել իրենց խոհերը, ներկայացնել իրենց կյանքի հետաքրքիր դրվագները, բացահայտել իրենց մտքերը անգլերեն»։
 
Դասընթացավար Սեմյուել Արմենը վստահ է՝ ծրագիրը խիստ նպաստել է, որ երեխաները ոչ միայն բարելավեն անգլերեն հաղորդակցվելու իրենց հմտությունները, այլև դառնան ավելի ինքնավստահ, սովորեն համագործակցել, լսել միմյանց. «Նրանք ստեղծագործական մեծ ներուժ ունեն, և այս դասընթացն օգնել է, որ այդ ներուժն ավելի զարգանա»։
 
Հացիկցի Մարինա Միրզոյանն ասաց, որ դասընթացն «արտակարգ» է անցել. «Շատ եմ ափսոսում, որ շուտ վերջացավ»։
 
Արագածավանցի Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ շատ նոր հմտություններ է ձեռք բերել ծրագրի ընթացքում. «Կուզենայի հետագա դասընթացների ժամանակ ուսուցչի օգնականի դերում հանդես գալ»։
 
Փակման արարողության ընթացքում դասընթացավարը, ուսանողներն ու Հայաստանի մանուկներ հիմնադրամի աշխատակիցները ներկայացրին ծրագրի մանրամասները, ընդգծեցին ստեղծագործելու կարևորությունը, իսկ ծրագրի շրջանավարտներն ստացան ավարտական վկայականներ։
 
Սեմյուել Արմենը նշեց, որ դասընթացը նաև կոնկրետ, շոշափելի արդյունք է ունենալու. «Պատանիներից յուրաքանչյուրը պատմվածք է գրելու, թիմակից երեխաներն էլ խմբագրելու են այն»։
 
Տարեվերջին կհրատարակվի այդ պատմվածքներից կազմված ժողովածու, որը կներկայացվի Նյու Յորքում Հիմնադրամի դրամահավաք-երեկոյի ընթացքում։
 
Լուսանկարներն այստեղ՝  https://drive.google.com/drive/folders/0B26s3hyoVxatY2lGdUY5MWl1RW8
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն