ՄԻԵԴ-ը ՀՀ-ից պահանջել է Վահան Շիրխանյանի առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը. ՄԻԵԴ-ում Շիրխանյանի ներկայացուցիչ


ՄԻԵԴ-ը ՀՀ-ից պահանջել է Վահան Շիրխանյանի առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը. ՄԻԵԴ-ում Շիրխանյանի ներկայացուցիչ

  • 18-08-2017 13:48:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերող բոլոր փաստաթղթերը:
 
Այս մասին դատարանում «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Վահան Շիրխանյանի շահերը ներկայացնող Աննա Մարալյանը:
 
Նա նշեց, որ երկար ժամանակ հետո իրեն թույլատրել են տեսակցել Շիրխանյանի հետ և քննարկել կարևոր հարցերը: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ ներկայացված գանգատին, Աննա Մարալյանն ասաց. «ՄԻԵԴ ներկայացված գանգատի մասով մենք պետության պատասխանը չունենք, պետությունն էլ խնդրել է երկարաձգել ժամկետը»: 
 
Թե ինչ հարցեր է ՄԻԵԴ-ն առաջադրել պետությանը, Աննա Մարալյանն ասաց. «Պետությանն առաջադրված հարցերը ՄԻԵԴ-ի կողմից վերաբերում է տեսակցության խոչընդոտին, կալանքի վերաբերյալ ոչ պատճառաբանված որոշումներին, առողջության վերաբերյալ մի շարք հարցերի: ՄԻԵԴ-ը պահանջել է առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, նաև պահանջել է, թե այսօր Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ինչպիսին է, ինչ է արվում նրան բուժելու համար և ինչ բուժօգնություն է ցուցաբերվում»:
 
Մարալյանն ասաց, որ չնայած Շիրխանյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն նա պնդում է, որ բուժօգնությունը պատշաճ չէ:
 
Աննա Մարալյանի փոխանցմամբ՝ Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացում է նկատվում, ցավերը սուր են, չի կարողանում քայլել:
 
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 35-300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play