«Սանիթեքի» աշխատակիցները ծեծել են հայր եւ որդու. հայրը մահացել է. Armday.am

18-08-2017 15:50:25   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Օգոստոսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների եւ տեղի բնակիչներից ՝59-ամյա տղամարդու, նրա որդու միջեւ:
 


Նրանց միջեւ վիճաբանությունը սկսվել է աղբատար մեքենայի լվացման պատճառով, որն էլ ավարտվել է ծեծով: Ծեծկռտուքից հետո 59-ամյա տղամարդը մահացել է, նրա որդին ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Armday.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ օգոստոսի 15-ին ժամը 20.40-ին Սուրբ Աստվածամայր Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված տղամարդու դի։ Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմի Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ, ծնված տղամարդուն եւ նրա որդուն։ Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված /համատարածուն/ աթերոսկլերոզի հետեւանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- ասաց Տռուզյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 59-ամյա քաղաքացին եւ նրա որդին ճանաչվել են տուժող։
Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում են վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեկ անձի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից