Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)


Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)

  • 18-08-2017 22:55:46   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Հայաստանում 2017թ. աշնանից պապիլոմա վիրուսի դեմ պատրաստվում են իրականացնել պատվաստումներ՝ սկսած 13 տարեկան դեռահաս աղջիկներից:
ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը պնդում է, որ պապիլոմա վիրուսը արգանդի վզիկի քաղցկեղի մի քանի տեսակների և մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:
«Սա, փաստորեն, մի վիրուս է, որից առաջանում է, որի, որպես էսպես, վերջնական արդյունքը մի սարսափելի հիվանդություն է` արգանդի վզիկի քաղցկեղը»,- կից ներկայացվող տեսանյութում ասում է Գայանե Սահակյանը:
Արդյոք HPV (պապիլոմա) վիրուսն այդքան վտանգավո՞ր է, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտությունն արդյոք փաստարկվա՞ծ է, ինչպես պնդում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները:
Այն տպավորությունն է առաջանում, որ Գայանե Սահակյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը չափազանցված ներկայացնելով պապիլոմա վիրուսից բխող վտանգը, փորձում են ահաբեկել մեր աղջիկներին ու կանանց, որպեսզի նրանք չմերժեն պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումն իրենց, չհրաժարվեն տվյալ պատվաստումից: Այն, որ պապիլոմա վիրուսից բխող վտանգը չափազանցված է ներկայացվում, փաստել է HPV-ի (պապիլոմա վիրուսի) Gardasil եւ Cervarix պատվաստանյութերի առաջատար հետազոտող, գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, հասարակական և ընտանեկան բժշկության, կենսաբժշկական և առողջապահական ինֆորմատիկայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր Դայան Հարփերը (ԱՄՆ).
«Եթե դուք նայեք պապիլոմա վարակ ունեցող բոլոր կանանց, ապա կտեսնեք, որ նրանց 70 տոկոսի մոտ վարակը մաքրվում է առաջին տարվա ընթացքում առանց որևէ օգնության,- ասել է Դայան Հարփերը:- Վարակից ստուգվելու և ազատվելու կարիք չունեք, օրգանիզմը ինքը դա կանի: Երկու տարվա ընթացքում այդ HPV վարակների 90 տոկոսը կմաքրվեն իրենք իրենցով: Երեք տարի անց մնում է HPV վիրուսով վարակված կանանց 10 տոկոսը: Եվ երեք տարի անց այդ 10 տոկոսից միայն կեսի մոտ է, որ վարակը վերածվում է նախաքաղցկեղային 2-րդ, 3-րդ աստիճանի ախտահարման (CIN)»:
Այսպիսով՝ պապիլոմա վիրուսով վարակվածների մոտ 5 տոկոսի մոտ է, որ վիրուսը կարող է հանգեցնել նախաքաղցկեղային ախտահարման: Ըստ ամերիկացի պրոֆեսորի, կպահանջվի 5 տարի, որպեսզի այդ փոքր` 5 տոկոսանոց խմբում նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում (ավելի ծանր վիճակը) ունեցող կանանց 20 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի.
«Իսկ դա բավականին դանդաղ գործընթաց է,- ասել է Դայան Հարփերը:- Կպահանջվի 30 տարի, որպեսզի նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում ունեցող կանանց 40 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի»:
Ավելին. Դայան Հարփերի հրապարակած վիճակագրական տվյալները վերաբերվում են միայն պապիլոմա վիրուսով արդեն իսկ վարակված կանանց, սակայն դա բնավ չի նշանակում, թե բոլոր աղջիկներն ու կանայք, առանց որևէ պատվաստման, պետք է վարակվեն կամ վարակվում են նշված վիրուսով: Շրջապատում կամ աշխարհում կան բազմաթիվ վիրուսներ, որոնցով հասարակության մեծ մասը չի վարակվում, հիվանդանում: Բացի այդ, ինչպես տեսանյութում նշում է Գայանե Ավագյանը, արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է պապիլոմա վիրուսի թիվ 16 տեսակից, սակայն նկատենք, որ պապիլոմա վիրուսով վարակված բոլոր կանայք չէ, որ վիրուսի հենց այդ տեսակով են վարակվել:
Բավական լուրջ գրականություն, տեղեկություններ կան այն մասին, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներն անվտանգ չեն մարդու առողջության համար, պատվաստումից հետո առաջանում են ծանր առողջական ծանր հետևանքներ՝  վիժումներ, չբերություն, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, հաշմանդամություն և այլն: Գայանե Սահակյանը և Գայանե Ավագյանը պետք է բացատրություն տան, թե ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ են չափազանցված ներկայացնում պապիլոմա վիրուսից բխող վտանգը և ընդհանրապես չեն խոսում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ներկայացրած վտանգի, այդ պատվաստումների կողմնակի հետևանքների մասին: Տեղյակ չե՞ն այդ ամենին… Գուցե միջազգային ինչ-որ կազմակերպության դրամաշնորհը ստանալու, արտասահման գնալ-գալու խնդիրը կամ միջազգային ինչ-ինչ կառույցների թաքուն, չբարձրաձայնվող պահա՞նջը կա, որպեսզի Հայաստանում ևս կանանց և աղջիկներին ներարկվի պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ: Հայտնի է, որ այս աշխարհի ճարտարապետները չբերության, վիժումների առաջացմամբ, այլ հնարքներով վաղուց են ձեռնամուխ եղել մարդկության աճը կասեցնելուն:
Մեզ հայտնի դարձավ, որ առաջին երկու տարվա ընթացքում Հայաստանին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման նախապատրաստական միջոցառումների մի մասի համար անհրաժեշտ համարված գումարները տրամադրելու է Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (GAVI):
ՀՀ առողջապահության նախարարության այն պաշտոնական հավաստումը, որ «պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ» նախարարությանը թերևս ծիծաղելի վիճակի մեջ է դնում, համենայն դեպս, հիշյալ պատվաստանյութի անվտանգության առումով որևէ երաշխիք չի տալիս, հավատ ու վստահություն չի ներշնչում այն պարզ պատճառով, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութից բխող վտանգը պայմանավորված չէ սոսկ դրանց` հակաբիոտիկներ և կոնսերվանտներ պարունակել-չպարունակելու հանգամանքով: Ակամա հիշեցի հասարակական մեծ հուզումների տեղիք տված` հաց հանապազօրյան արհեստական, սինթետիկ նյութերով` ֆոլաթթվով, երկաթով, հետո նաև ցինկով և այլ տարրերով, այսպես ասած, հարստացնելու տխրահռչակ ծրագիրը, որի ետևում դարձյալ ՀՀ առողջապահության նախարարությունն էր կանգնած` ինչ-ինչ «միջազգային» հորջորջվածների հետ միասին: Այդ խայտառակ ծրագրին մեր հասարակությունն այն ժամանակ արժանի հակահարված տվեց, հակահարված կտա նաև այս ծրագրին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն