ԱՄՆ-ից Կալիֆորնիայի անկախանալու համար «Կալէքզիտ» անջատողական խումբը նոր նախագիծ է ներկայացրել
19-08-2017 13:45:10 | ԱՄՆ | Քաղաքական
«Ֆրանս պրես» գործակալության հաղորդման համաձայն, այս օրերին, երբ ԱՄՆ-ը դիմագրավում է իր քաղաքական ճգնաժամերից մեկը, Կալիֆորնիա նահանգի մի խումբ բնակիչներ նախագիծ են ներկայացրել ՝ ԱՄՆ դաշնային կառավարությունից անկախանալու համար:
40 միլիոն բնակչությամբ Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենահարուստ նահանգներից է և ԱՄՆ-ի արդյունաբերության կենտրոնը:
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հուլիսի վերջին «Կալէքզիտ» («California» («Կալիֆորնիա») և «Exit» («ելք») բառերի համակցություն) անվանումը կրող անջատողական շարժման առաջնորդներին թույլտվություն տվեց ստորագրություններ հավաքել՝ հարցը 2018թ. նահանգային քվեարկության դնելու համար։
«Կալէքզիտ»-ի կողմից ներկայացված ԱՄՆ-ից Կալիֆորնիայի անկախության մասին հանրաքվեի նոր նախագծում շարադրված է նաև բարեփոխումների համար հիմնադիր խորհրդի ձևավորումը:
Նախագծում նշված է. «ԱՄՆ Դաշնային կառավարության և Կալիֆորնիա նահանգի միջև ներկա հարաբերությունները խոչընդոտում են այդ և մյուս նահանգների ինքնորոշման իրավունքները, ուստի անհրաժեշտ է վերանայել այդ հարաբերությունները»:
Նախագծի կողմնակիցները հուսով են, որ ինչպես ավելի վաղ ներկայացրած երկու նախագծերը, այս մեկը ևս քվեարկության է դրվելու 2018 թվականին, սակայն դրա համար «Կալէքզիտ» անջատողական շարժման անդամները և կողմնակիցներըբ պետք է 500 000-ից ավելի ստորագրություն հավաքեն: Շուրջ 40 մլն բնակչություն ունեցող Կալիֆորնիայում նրանց թերևս կհաջողվի անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքել (անհրաժեշտ թվաքանակը բնակչության 2 տոկոսն էլ չի կազմում), ինչը, սակայն, դեռ չի նշանակում ԱՄՆ-ի դաշնային կառավարությունից անկախանալ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ-ի կազմից որևէ նահանգի միակողմանի դուրս գալը հակասահմանադրական է: Սա նշանակում է, որ առանց ԱՄՆ Սահմանադրության փոփոխության, Կալիֆորնիան կամ որևէ այլ նահանգ չի կարողանա օրինական ճանապարհով անկախություն հաստատել։