Փաստացի անկախության առաջին օրերը եւ Հռչակագիրը. օգոստոս, 1990. aniarc.am


Փաստացի անկախության առաջին օրերը եւ Հռչակագիրը. օգոստոս, 1990. aniarc.am

  • 21-08-2017 18:05:27   | Հայաստան  |  Վերլուծություն

aniarc.am. ԱԲ-ի զինաթափումից հետո ՀՀՇ-ի իշխանությանն այլևս վտանգ չէր սպառնում, բացառությամբ` կործանվող Խորհրդային Միության: Օգոստոսի 13-ին վարչապետի պաշտոնում հաստատվել էր Վազգեն Մանուկյանը: Հայաստանը շարունակում էր, թեեւ անվանապես, մնալ Խորհրդային Միության կազմում` բազմաթիվ թելերով դեռևս կապված Մոսկվային, երկրի տարածքում տեղակայված էր 7-րդ բանակը: Իշխանությունը վերցնելուց կարճ ժամանակ անց հակասություններ են առաջանում ՀՀՇ-ի ներսում` կադրային նշանակումների, իշխանությունն իրականացնելու ոճի եւ նպատակների ու այլ հարցերում:
 
ՙՀակասությունների եւ վեճերի աղբյուր էր նաև ոչ կատարյալ պետական կառուցվածքը, որը Կենտկոմի իշխանության վերացման պայմաններում կրում էր երկիշխանության տարրեր: Գործադիր իշխանության լծակները վարչապետի ձեռքում էին, մյուս կողմից` Գերագույն խորհրդի նախագահը ոչ թե խորհրդարանի նախագահն էր, այլ գրեթե զրկված լինելով գործադիր իշխանության լծակներից, այնուամենայնիվ, պետության ղեկավար էր՚,- գրում է Մանուկյանը:
 
Հիմնական դժվարությունները, որոնք առաջացան հենց առաջին օրից, ըստ Մանուկյանի, Մոսկվայի հետ հարաբերություններն էին. ՙՄեր շարժումը ուժ էր, որ հռչակել էր անկախությունը որպես նպատակ եւ իր նախկին գործունեության ընթացքում անընդհատ առճակատումների մեջ էր կենտրոնի (Կրեմլ) հետ Ղարաբաղի հարցի շուրջ: Մյուս կողմից, ես` որպես վարչապետ, պարտավոր էի ստեղծել բարեկամական հարաբերություններ ԽՍՀՄ իշխանությունների հետ` ապահովելու մեր հանրապետության տնտեսական կյանքը: Ես միշտ բարիդրացիական, գործնական հարաբերություն եմ ունեցել ԽՍՀՄ տնտեսական ղեկավարության հետ, այդ գործում մեծ նշանակություն ունեին այն փորձված նախարարները, որոնց ես պահեցի համակարգի մեջ՚:
 
Ամենաբարդը, սակայն, շարունակում էր մնալ Ղարաբաղի հարցը: Գալով իշխանության` ՀՀՇ-ն այլևսչէր պնդում նախկին դիրքորոշումը, այն է` միացում Հայաստանի հետ: Հայաստանը պատրաստակամություն էր հայտնում բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Տեր-Պետրոսյանը նկատում էր, որ կան փոխզիջումային լուծման հիմքեր, եւ դրա համար առաջին քայլը պետք է դառնա խորհրդային իշխանության վերականգնումը Ղարաբաղում:
 
Ըստ Տեր-Պետրոսյանի. ՙՊետք է անցնել փոխզիջումների, քաղաքական զիջումների, քաղաքական երկխոսության ռազմավարությանը: Ես` որպես Գերագույն խորհրդի նախագահ, իմ աշխատանքի հենց սկզբում  հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Ես հեռախոսազրույց ունեցա նախագահ Մութալիբովի հետ: Հետո մենք հանդիպեցինք Մոսկվայում Գորբաչովի ներկայությամբ: Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը կարող է նյութ ծառայել երկխոսության, բանակցությունների համար: Եթե Ղարաբաղը լինի լիակատար ինքնուրույն կազմավորում, եթե այնտեղ գործեն խորհրդային օրենքները, ապա դա որոշ ժամանակով կգոհացնի բոլոր կողմերին` թե’ Հայաստանին, թե’ Ղարաբաղին եւ թե’ Ադրբեջանին՚:
 
Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է Արցախում վերականգնել օրինական իշխանությունը. ՙ1990թ. սեպտեմբերի 30-ին Ադրբեջանում հայտարարված են տեղական եւ Գերագույն խորհրդի ընտրություններ: Իդեալական տարբերակը կլիներ, որ այդ ընտրությունները կայանային նաև Արցախում, ընտրվեին տեղական, այն է` գյուղական, շրջանային, քաղաքային եւ մարզային խորհուրդները: Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրությունները կարելի էր միշտ էլ վիժեցնել: Նույնիսկ կարել էր համարել, որ ընտրությունները կայացել են, բայց ոչ մի պատգամավոր չի ընտրվել: Հոկտեմբերի 1-ին Արցախում կունենայինք օրինական, ընտրված իշխանություններ: Բայց արցախյան պատգամավորությունը մեզ դնում է աքցանների մեջ, չնայած Արցախում կան նաև այլ կարծիքներ, այն էլ լուրջ մարդկանց կողմից արտահայտված, նույնքան լուրջ, որքան այս պատգամավորությունը: Գուցե ադրբեջանցիները շատ էլ ուրախ լինեն, եթե Արցախը չմասնակցի ընտրություններին, որովհետև հոկտեմբերի 1-ին արդեն Արցախում օրինական իշխանություն չի լինի: Եվ Մութալիբովը շատ հեշտությամբ այնտեղ կհայտարարի նախագահական կառավարման կարգավիճակ՚:
 
Վազգեն Մանուկյանը զգուշացնում էր` չպետք է ենթարկվել Մոսկվայի շանտաժին, որը Հայաստանի անկախությունը կփորձի կապել Ղարաբաղի հարցին: Բացի այդ, Հայաստանի` Խորհրդային Միության կազմում մնալը ոչ մի նոր հեռանկար չի բացի ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարի առումով: Նրա կարծիքով` Հայաստանի ղեկավարությունը պետք է փորձեր միս ու արյուն տալ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը, ինչը, ճիշտ է, դեռ երկար ժամանակ իրականացնել հնարավոր չէր լինի: ՙԱվելին, որոշ դեպքերում կօգտագործվի մեր դեմ: Որոշումը եւ նրա իրականացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները պետք է համարել մեր ներքին գործը` չթմբկահարելով ուրիշների մոտ: Արտաքին աշխարհին Արցախի հարցը պետք է շարունակ ներկայացնել իր բնական տեսքով, այսինքն` հարց, որի հիմքում ընկած են ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները, առանց կապելու Հայաստանի հետ՚:
 
Հայաստանի երիտասարդ ղեկավարությունը հստակ դիրքորոշում ուներ Խորհրդային Միության հետ հարաբերությունների եւ նրա ապագայի հարցում: Տեր-Պետրոսյանը հաճախ էր կրկնում, որ 70 տարի այն միտքն է իշխել, թե Հայաստանը կարող է գոյատեւել միայն ռուսների հետ մեկտեղ, սակայն հայերը ձերբազատվում են այդ բարդույթից: ՙԵթե կան մարդիկ, որ մտածում են, թե Ռուսաստանը կամ Խորհրդային Միությունը կարող են երաշխավորել մեր անվտանգությունը, նրանք չարաչար սխալվում են: Ես նկատի ունեմ ե’ւ Սումգայիթը, ե’ւ Բաքուն, ե’ւ Հայաստանի այս երկարատեւ շրջափակումը: Մենք այսօր պետք է որպես պետություն, հեռանալով, վերանալով մեր զգացմունքներից, առաջնորդվելով առաջին հերթին այն 3,5 միլիոն ժողովրդի շահերից, այն մարդկանց, որոնք մտադիր չեն լքել այս քարքարոտ լեռնաշխարհն ու հովիտները, ցուցաբերենք պետական մոտեցում, բնական բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ: Պետության գոյությունը երաշխավորված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետությունը բնականոն հարաբերություններ չի հաստատել առաջին հերթին իր անմիջական հարեւանների հետ՚,- ասում էր Տեր-Պետրոսյանը:
 
Անմիջական հարեւանների շարքում Տեր-Պետրոսյանն առաջին հերթին նկատի ուներ Թուրքիային, որի հետ առաջին քայլը պետք է լինի առեւտուրը, այնուհետեւ` մշակութային կապերը եւ վերջապես` քաղաքական փոխհարաբերությունները` չմոռանալով մեր պահանջները` ՙեղեռնը եւ այն մարդկանց, ովքեր բնավեր են եղել, սակայն մենք չենք կարող դա քաղաքական հարց դարձնել՚: Հայ դատը գաղափարախոսություն է, հայ ժողովրդի պատմական իրավունքը, որից ոչ ոք չի հրաժարվում. ՙԱյդ գաղափարախոսությունը եղել է, կա եւ պետք է լինի, բայց այդ գաղափարախոսությունն այսօր չի կարող լինել մեր պետական քաղաքականությունը: Գաղափարախոսությունը կարող է դառնալ պետական քաղաքականություն միայն այն ժամանակ, երբ պետությունը կարող է լուծել այդ հարցը՚:
 
Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը Միացյալ Նահանգներում հանդիպումներ է ունենում հայ համայնքի ներկայացուցիչների, հայ քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ամերիկյան ազդեցիկ թերթերի աշխատակիցների, Սենատում հանրապետականների եւ դեմոկրատների ղեկավարների, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ:
 
Միացյալ Նահանգներում, ապա Մոսկվայում Տեր-Պետրոսյանն ընդգծում է, որ Հայաստանը կարող է միանալ նախապատրաստվող միութենական նոր պայմանագրին, եթե պայմանագրում բացառված լինեն խորհրդային ընդհանուր սահմանադրությունը, ընդհանուր օրենքները, միութենական ընդհանուր կառավարության գոյությունը: Օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել էր Անկախության հռչակագիր, փաստաթղթի տակ դրված է Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, տեքստն առաջին անգամ ընթերցեց խորհրդարանի պատգամավորներից Արամ Մանուկյանը:
 
ՙԱյդ փաստաթուղթը մինչեւ այսօր քաղաքական առումով անխոցելի է, իրավական առումով` անկրկնելի, եւ ոչ մի քաղաքական ուժ ստվեր չի գցում այդ փաստաթղթի վրա: Դա ռոմանտիկ ժամանակների փաստաթուղթ է, բայց պրագմատիզմը, իրատեսությունը խորն է՚,- տարիներ անց հպարտությամբ հիշում է Մանուկյանը:
 
Հայաստանի ղեկավարության համար ակնհայտ էր Խորհրդային Միության փլուզման անխուսափելիությունը, հռչակագրի ընդունումից հետո հիվանդ կայսրությունն ապրեց 16 ամիս: Տնտեսությունն անելանելի վիճակում էր, ընդլայնվել էին կենտրոնախույս ուժերը, տեղի էին ունենում անկառավարելի գործընթացներ, որոնք արագացնում էին կայսրության վախճանը:
 
ՙԵթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատեւ դադարից հետո դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, պայթյունի, եւ կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ: Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը: Ցանկալի է ոչ թե պայթյունի շնորհիվ ձեռք բերել մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն` ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից՚,- գրում է Վազգեն Մանուկյանը:
 
Գիտակցելով այդ ամենը` Մանուկյանի կառավարությունը հենց սկզբից ձեռնամուխ եղավ մասնավոր սեփականության անցնելու տնտեսակարգին. ՙԵս հանձնարարել էի էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանին երեք ցուցակ կազմել: Առաջին` այն ձեռնարկությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, ենթակա չեն սեփականաշնորհման եւ կառավարվում են պետության կողմից, ընդ որում` բավականին խիստ մեթոդներով: Երկրորդ ցուցակում այն խոշոր գործարաններն էին, որոնք առանձին նշանակություն եւ հետաքրքրություն չէին ներկայացնում: Հարկ էր դրանք մասնատել մի շարք մանր ձեռնարկությունների եւ յուրաքանչյուրը սեփականաշնորհել: Երրորդում մանր ձեռնարկություններն էին, որոնք սկզբից եւեթ պետք է սեփականաշնորհվեին՚:
 
Հետագայում գործարանների եւ հողի սեփականաշնորհման գործընթացը շատ քննադատվեց, Հայաստանում շատերը դա համարեցին պետական ունեցվածքի թալան: Մանուկյանի կարծիքով` իր բոլոր թերություններով հողի սեփականաշնորհումը ճիշտ էր, եթե հողը մնար պետական, ապա Հայաստանի գյուղատնտեսությունից բացարձակապես ոչինչ չէր մնա, ինչպես եղավ արդյունաբերության բնագավառում, խոշոր գործարաններում: ՙԱմեն ինչ ուղղակի թալանվելու էր, ուրիշ ոչինչ: Գյուղացուն գոնե հողը մնաց, մյուսներին ոչինչ չմնաց: Բայց համաձայն լինելով հողի սեփականաշնորհման հետ` ես անընդունելի եմ համարում այն վիճակը, որում հայտնվեց մեր գյուղացիությունը՚
 
Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից
Լուսանկարում՝ Վազգեն Մանուկյան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play