Ճանապարհների վատ կահավորանքն ու որակը նպաստում են ՃՏՊ-երի ավելացմանը. Տիգրան Քեյան


Ճանապարհների վատ կահավորանքն ու որակը նպաստում են ՃՏՊ-երի ավելացմանը. Տիգրան Քեյան

  • 22-08-2017 15:40:08   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճի մի շարք գործաններ են մատնանշում մասնագետները:
 
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարներն ավելացել են 8.0 տոկոսով: Corestone վերլուծական ընկերությունն օրերս հրապարակել է վիճակագրություն, ըստ որի՝ ՃՏՊ զոհերի թվով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը (վիճակագրությամբ ընդգրկված չեն աշխարհի բոլոր երկրները): Ըստ կենտրոնի վերլուծության՝ Հայաստանում 1 մլն բնակչության հաշվով ՃՏՊ-ներից տարեկան զոհվում է 114.7 մարդ:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը Lragir.am-ի հետ զրույցում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացումը մի քանի գործոններով է բացատրում: Առաջին խնդիրը, նրա խոսքով, Հայաստանի ճանապարհներն են: Ձմռանը ձնամաքրման աշխատանքները նորմալ չեն կատարվում այդ ճանապարհներին, համապատասխան կահավորանք չկա, իսկ գիշերային ժամերին դրանք չեն լուսավորվում:
«Ճանապարհներին նշանների ոչ ճիշտ կահավորանքի, լուսացույցերի չերևալու խնդիրներ կան, հին լուսացույցեր են շատ վայրերում տեղադրված: Վարորդների գործոնն էլ իհարկե կա այստեղ, քանի որ վարորդական վկայականները շատ դյուրին են մեզ մոտ տրամադրվում: Մյուս պատճառը մեքենաների անսարքության խնդիրն է: Հայաստանում մեծ տարիքի մեքնենաներ են շահագործվում, և անսարքության պատճառով վթարներ շատ են լինում: Այս հարցին լուծում տալու համար պետք է տեխզննման ինստիտուտն իսկապես գործի, վարորդները վճարելուց հետո պետք է տեխզննման կետերում ստուգեն մեքենան, ոչ թե պեչատ խփելու համար գումար վճարեն»,- ասաց նա:
Մասնագետը մտահոգիչ է համարում հատկապես Հայաստանի ճանապարհների խնդիրը: Նրա խոսքով՝ ճանապարհներին այսօր համապատասխան կահավորանքի, վերանորոգումների մասին նախազգուշացնող նշանների պակաս կա: «Աշտարակի ճանապարհին շատ վթարներ եղան հենց վերանորոգման ընթացքում ճանապարհային նշանների ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Դիտահորեր են վերանորոգում, տարածքում թելերով կապում են, որ վարորդը չգա ընկնի մեջը, բայց այդ դիտահորից մի 15 մետր առաջ պետք է ինչ-որ նշաններ տեղադրվեն, որ վարորդները ճանապարհը փոխեն»,- ասաց նա:
Ճանապարհների չլուսավորվելը կամ թույլ լուսավորությունը ևս, ըստ մասնագետի, ավելացնում է ՃՏՊն-երի թիվը: Մասնագետի խոսքով՝ իրենց դիտարկումներով վրաերթերի մեծ պատճառ է հանդիսանում հենց չլուսավորված ճանապարհների գործոնը: Հատկապես անձրևային եղանակներին մարդիկ սև շորեր են հագնում, իսկ եթե ճանապարհը լուսավորված էլ չէ, դա բարդացնում է իրավիճակը: Բացի այդ, Հայաստանի բնակչության մոտ չկա փողոցը պարտադիր հետիոտնի համար նախատեսված վայրով անցնելու մշակույթը:
Տիգրան Քեյանի խոսքով՝ ճանապարհների վիճակը բարելավելու տարբերակ կա՝ դրան կարող են ուղղվել ճանապարհատրանսպորտային խախտումների դիմաց գանձված տուգանքների գումարները:
«Այսօր մեր քաղաքացիներին ամեն խախտման համար անիմաստ տուգանքներով ծանրաբեռնում են: Թող գոնե այդ գումարներով վերանորոգեն, կահավորեն ճանապարհները, որ ասֆալտի վրա մեքենաները չջարդվեն, լուսավորությունն ապահովվի: Թե չէ մենք տեսանք, որ այս տարի ասֆալտային աշխատանքներ կատարվեցին, փոսերը փորվեցին, ամիսներ հետո միայն փակվեցին, դա բոլորին վնաս է պատճառում: Եթե վթար էլ չի լինում, մեքենան շարքից հանում է: Դա կարող է հետագայում վթարի պատճառ դառնալ»,- ասում է նա:
Մասնագետն ուշադրություն է դարձնում նաև խնդրի վրա, որ ՀՀ բյուջեից ասֆալտապատման աշխատնքների համար հսկայակական գումարներ են հատկացվում, բայց դրանք նպատակային չեն ծախսվում:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play